«Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ահաբեկչական, ծայրահեղական կազմակերպությունների և խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում գործող ավանդական, հիմնական դերակատարները, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ անուղղակի և չի բացառվում նաև ուղիղ բախումը, ապա առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված»,- նշել է նա։