▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։

Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով կամ 2.9%-ով։

Այդպիսով, Հայաստանի պետական պարտքը այս պահին աճում է ներքին պարտքի հաշվին։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները, ինչպեսև արտաքին պարտքի դեպքում, պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։

Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 208 մլն դոլարով կամ 11.4%-ով՝ կազմելով 11 մլրդ 845 մլն դոլար։

Մասնավորապես ներքին պարտքն աճել է 1 մլրդ 152 մլն դոլարով կամ 27.5%-ով՝ կազմելով 5 մլրդ 344 մլն դոլար։

Ինչպես կարելի է ենթադրել, աճի այս տեմպով ներքին պարտքը ոչ միայն կհավասարվի արտաքին պարտքին, այլև արդեն այս տարեվերջին կարող է գերազանցել այն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին