Վերջին 6 ամիսների ընթացքում լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում է շոումեն Մարկ Սաղաթելյանը: Նրա և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը հետաքրքրում և հուզում էր շատերին:
Շոումեն Մարկ Սաղաթելյանը, ով Հայաստանում վթարի ենթարկվելու հետեւանքով երկու անգամ վիրահատվել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Գերմանիա՝ վիրահատության համար, արդեն տանն է` Մոսկվայում, անցնում է վերջնական վերականգնողական կուրսեր: Նա քայլում է ձեռնափայտով, բայց հույս ունի, որ 1 կամ 1,5 մասից կքայլի առանց ձեռնափայտի: Այս մասին շոումենը հայտնել է 168.am-ի հետ զրույցում, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.
- Շատ երկար քննարկվում էր այն վարկածը, որ հետվիրահատական խնդիրները հայաստանյան բժիշկների սխալների արդյունք են: Հայ բժիշկները սխա՞լ էին թույլ տվել:
- Սխալների մասին խոսել չեմ ցանկանում, դա վիճելի թեմա է: Հայաստանում երկու վիրահատություններից հետո՝ մեջքի վրա էի պառկում՝ առանց շարժվելու կամ թեքվելու հնարավորության՝ ուղիղ 70 օր: Դրանից հետո էլի մեկ ու կես ամիս չէի կարողանում քայլել: Իսկ Գերմանիայում, 5 ժամ տևած վիրահատությունից հետո, երրորդ օրն արդեն կարողանում էի քայլել: Այսօր արդեն հետվիրահատական 45-րդ օրն է, ես տանն եմ:
- Որոշ բժիշկներ քո ֆեյսբուքյան պատին գրում էին, թե հետվիրահատական խնդիրներն ինքդ քեզ լավ չխնամելու արդյունք են:
- Ես ուշադրություն չեմ դարձնում հիմարությունների վրա: Այս վերջին շրջանում մոդայիկ է դարձել՝ ում և ինչ պատահի՝ «քննարկել»: Դրա համար էլ ինձ համար կարևոր և հետաքրքիր չեն, այսպես կոչված, նմանատիպ «քննարկումները»:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում և հրդեհ էր բռնկվել: Պատահարի հետևանքով Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշնի» նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ստացել էին մարմնական ծանր վնասվածքներ:
Պատահարից անմիջապես հետո նրանք հոսպիտալացվել էին, և սկսվել էր երկարատև ու ծանր բուժումը: Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը կարճ ժամանակ հետո դրական տեղաշարժեր է գրանցում, իսկ Մարկ Սաղաթելյանը մի քանի վիրահատություն այստեղ՝ Հայաստանում, անցկացնելուց հետո մեկնել էր Գերմանիայում վիրահատվելու: Մարկ Սաղաթելյանն իր առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկացնում էր իր ֆեյսբուքյան էջի միջոցով, որն այդ օրերին դարձել էր բուռն քննարկումների, հակասությունների դաշտ: