Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցելել է Երևան, որտեղ ՀՀ ղեկավարության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նա Երևան ժամանելուց 2 ամիս առաջ եղել էր Ադրբեջանում: Երկու ուղևորությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր: Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար շարունակվում են կրակոցները, իսկ խնդրի խաղաղ կարգարավորման փորձերը ցանկալի արդյունք չեն տալիս:
Ռուսական «Կոմերսանտ» թերթը գրում է, որ այժմ ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է խնդրի խաղաղ կարգավորման մի տարբերակ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի և ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով,այսօր գրել է ռուսական «Կոմերսանտ»-ը:
Թերթը հղում է արել բանակցություններին մոտ կանգնած իր ռուսական աղբյուրներին, որոնք նաև պնդել են, թե կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել:
Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները, սակայն, չեն հաստատել նման լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը: Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում: Երևանում ևս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում: Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: «Բաքվում այս մասին նույնիսկ լսել չեն ուզում», -գրում է «Կոմերսանտ»-ը:
Ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել է, թե փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության:
«Եթե այլ ելք չմնա, մենք պատրաստ ենք պատերազմել», - ասել է Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի ղեկավար պաշտոնյան՝ վստահեցնելով, թե վերջին տարիներին ուժերի հարաբերակցությունը փոխվել է, և ակնհայտորեն ոչ հօգուտ Հայաստանի:
«Մեր ռազմական բյուջեն ավելին է, քան ողջ Հայաստանի բյուջեն, մեր բանակի համար գնվում է նորագույն զինամթերք, ինչը Երևանը չունի, բացի դրանից Նախիջևանում տեղակայված են մեր հարվածային ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարձակվել Երևանի վրա», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Արձագանքելով Բաքվի այս սպառնալիքներին՝ Երևանում հիշեցրել են, որՀայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, և դաշնակից Ռուսաստանը պարտավորվել է աջակցել նաև անվտանգության հարցում:
Կրեմլին մոտ կանգնած ռուսական աղբյուրն էլ, իր հերթին, պնդել է, թե պետք չէ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունները աներկբա ընդունել:
«Իրականում նրանք վախենում են պատերազմից ու հայերից, 90-ականների պատերազմը շատ վատ ավարտվեց նրանց համար», - ասել է Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը՝ ընդգծելով, որ Բաքուն պարզապես փորձում է ամրապնդել իր դիրքերը բանակցություններում, ինչպես նաև ցույց տալ միջազգային հանրությանը, թե այս հակամարտությունը սառեցված չէ, և պետք է ելքեր փնտրել կարգավորման համար:
Ամփոփելով Ռուսաստանի արտգործնախարարի Երևան կատարած այցը՝ «Կոմերսանտ» թերթը նշում է. «Մոսկվան փորձում է հանդարտեցնել կրքերը, սակայն կողմերի դիրքորոշումները մերձեցնելու մասին հաղորդումներ չկան», - արձանագրում է ռուսական պարբերականը: