Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, տեղի ունեցած պայթյունի վայրում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետը՝ հավելելով, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

Հիշեցնենք, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ պայթյունի վայրում 2 հոգի փլատակների տակ է մնացել:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի, որից երկուսին փրկարարները դուրս են բերել միաժամանակ, մյուսին՝ քիչ անց: Նրանք գիտակցության մեջ են:


