▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիքնազի մասին մտածելիս՝ սեփական ապրումներն օտարելու մասնագիտական էթիկայի կանոնը չի գործում

Կարո՞ղ է արդյոք արվեստաբանն իրեն շռայլություն թույլ տալ և Արվեստագետի մասին խոսել անձնականացված... Հերիքնազի մասին մտածելիս՝ սեփական ապրումներն օտարելու մասնագիտական էթիկայի կանոնը չի գործում, գոնե ինձ համար, սակայն դրանով իսկ ամբողջանում է նրա Արտիստ-տեսակը, և ահա թե ինչու. 
Հեռանալուց մոտ մեկ ամիս առաջ էր, մեր վերջին հանդիպումն էր, նա դաժան ցավեր ուներ: Մոտեցա անկողնուն, ձեռքերն առա ձեռքերիս մեջ: Շարունակում էր ժպտալ, ասես ներողամտություն հայցեր, որ ավելի առույգ լինել չի կարող, ինչպիսին որ մենք իրեն միշտ ճանաչել ենք: Դեռ սփոփում էր մեզ և ինքն իրեն: Նա մի այնպիսի գորովանքով ինքն իր ափերի մեջ առավ ձեռքերս, այնպես ջերմացրեց, այնպես քնքշորեն շոյեց զսպված վշտից քարացած մատներս, ինչպես դա վերջին անգամ արել էր մայրս, իր մահկանացուն կնքելիս.... Հերիքնազը ՄԱՅՐ էր, նրա ԿԻՆ և ԱՐՏԻՍՏ էությունները, միաձույլ, ամբողջական, արարչականության նշան էին, նա տեղով կենսականության, դրական լիցքերի, հույսի, լավատեսության, սիրո, ջերմության աղբյուր էր, այն ամենի աղբյուրը, որ մայր-կինը կարող է լինել և պարտավոր է լինել Արվեստագետը: Եվ միայն չտեսնողը այդ ամենի ներքո չի տեսնի պայքարը: 
Նրա ձեռքերի հեռացող ջերմությունը դեռ մաշկիս վրա է, նրա անսպառ ժպիտը դեռ սաստում է սեփական անզորության և տկարության քրքրող զգացումը... Շնորհակալություն, որ դու կաս, Մեծ Կին, Մեծ Արվեստագետ:

 

Լիլիթ Սարգսյան

Լուս.՝ Գերման Ավագյանի

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի, 56 տարեկանում, կյանքից հեռացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին