Նույն այն ժամանակահատվածում, երբ մեր հարևան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ,, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ընդամենը 1 տարի առաջ հարևան Վրաստանը հանդիսանում էր մեզ համար լավ շուկա տեղական ձվի իրացման հարցում, և ահա այսօր արդեն մեր արտադրողներն են փորձում ձու ներկրել (Թուրքիայից), իսկ Վրաստանը դարձել է ինքնաբավ:
Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության արդյունքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, հարցի պատասխանը ցավոք մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու հրապարակված չէ նաև այս հրամանը):
Չենք կարող չքննարկել նաև թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող արդեն իսկ հնարավոր ներկրվող մթերքների որակի ու անվտանգության հարցը. Ի՞նչ չափորոշիչներով է իրականացվելու սահմանային հսկողությունը, արդյո՞ք ուղեկցող փաստաթուղթը հիմք է լինելու մթերքը ՀՀ տարածք ներմուծելու համար: Եվ, ի վերջո, ինչպե՞ս կարելի ՀՀ ներմուծել թուրքական կամ ադրբեջանական ծագման մթերք այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա լաբորատորիա, որը կարող է ստուգել մթերքում բենզապիրենի առկայությունը, ինչն էլ ուղղակիորեն ապացուցում է, որ ՀՀ ներմուծվող մթերքները ստուգվում են անվտանգության ոչ բոլոր ցուցանիշների նկատմամբ: