▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ

Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի):
ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։
Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։
Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։

Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող:
Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին