«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երեւի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ–մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաեւ եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր–ինչ կարգավորել, առավել եւս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի:
«Փաստ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24–27–ն ընկած ժամանակահատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, մեր աղբյուրներն առայժմ լռում են: Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաեւ հատկապես կուսակցության երիտասարդացմանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» եւ օդիոզներից:
Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում