▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա սկսում եմ հասկանալ, թե ժամանակին Կոմիտասը ինչպես խելագարվեց

Երեկ քայլում էի փողոցով ու մարդկանց նայելով՝ սիրտս կտոր-կտոր էր լինում: Խելագարի պես շորջս էի նայում ու չէի հասկանում, թե որտե՞ղ եմ հիմա, եւ ովքե՞ր են քայլում իմ կողքով: Սա՞ ենք մենք` հայերս, որ ամեն առիթով հպարտանում ենք օտարի մոտ կամ սկսում ենք մեծ-մեծ խոսել, երբ գինովցած նստած ենք խնջույքի սեղանի շուրջ: 

Մարդիկ քայլում են, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել, ամեն ինչ գերազանց է, կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են` նորմալ է, որ թանկացրել են տրանսպորտը, դրանք միայն եսասերներ են, ովքեր միայն մտածում են իրենց մասին: Այո, ընդունենք, որ դուք վաստակում եք ամսական 400000, եւ ձեզ չի վնասում այդ ավել հիսուն դրամը, կամ էլ դուք մեքենա ունեք, եւ դա ձեզ վրա ընդհանրապես չի անդրադառնում, բա լավ, դուք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հարեւան չունե՞ք, դուք այդպիսի հարազատ չունե՞ք, դուք նրանց մասին չե՞ք մտածում: 

Ես կարծես հիմա սկսում եմ հասկանալ, թե ժամանակին Կոմիտասը ինչպես խելագարվեց: Նա տեսավ իր սեփական ազգի ցեղասպանությունը, ինչպես որ մենք են այսօր տեսնում: Մեզ ամեն գնով ցանկանում են կոտորել, սովամահ են փորձում անել, փորձում են խլել մեր արժանապատվությունը: Ամենակարեւորը, որ նրանք գրեթե կարողացան իրագործել իրենց ժառանգած ծրագիրը այս 25 տարիների ընթացքում եւ գումարած սովետական 70 տարիները, նրանք ջնջեցին մեր հպարտությունը, որպեսզի մենք չկարողանանք հպարտանալ մեզանով, չխոսենք մեր արժանիքներից եւ այդ ճանապարհով մասնատեցին մեզ: Մենք ունենք երկու ճանապարհ` կա՛մ պետք է շարունակենք պայքարել եւ պարտվելու դեպքում խելագարվենք, ինչպես Կոմիտասը եւ իր նմանները, կա՛մ փախչենք այստեղից եւ փորձենք ապրել բարեկեցիկ կյանքով, բայց օտարի բռում: 

Առայժմ ես ընտրում եմ առաջին տարբերակը, բայց իրատես լինելով եւ չբացառելով, որ կարող է օրերից մի օր ընտրեմ երկրորդը: Ինչո՞ւ կընտրեմ երկրորդը, պարզից էլ պարզ է, այսօր մարդկանց մի մասը չի գնահատում այն, ինչ մենք անում ենք, չի հասկանում, որ մենք միայն մեզ համար չենք պայքարում, այլ նաեւ նրանց ընտանիքների, նրանց հարազատների եւ նրանց սերնդի համար: Մեզանից ցանկացածը կարող է անգնահատական մնալ հետագայում եւ նույնիսկ ենթարկվի հալածանքների, ու մի բան էլ մեզ կմեղադրեն, թե` ինչո՞ւ եք պայքարել մեզ համար, մենք դրա կարիքը չունեինք, կամ էլ առհասարակ կարող են ասել, թե դուք ոչինչ էլ չեք արել մեզ համար: Սա է մեր իրականությունը, այսպիսին ենք մենք դարձել, երբ այսօր ինչ-որ անհատ փորձում է օգնել ժողովրդին, միանգամից փորձում ենք մի բան փնտրել դրա տակ, բայց այդ վատը փնտրողները ընդհանրապես ունակ չեն որևէ մեկին օգնելու, եւ դա միայն նախանձի կամ էլ դավաճանի դրսեւորում է: 

Հուսանք` վաղը նոր լույս կբացվի, եւ վաղը մի բան դեպի լավը կփոխվի, ապրենք հույսով, հավատով եւ սիրով, քանզի ՀՈՒՅՍԸ՝ դեպի ապագա, ՍԵՐԸ՝ առ Հայրենիք, եւ ՀԱՎԱՏԸ՝ մեր հաղթանակի հանդեպ, միակ բաներն են, որ չեն խլել մեզանից եւ չեն էլ կարող, եթե մենք ինքներս դա չսպանենք մեր մեջ:

 

Վահան Լուլուկյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին