▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիպոթեքային ճգնաժամից տուժած գլխավոր խմբագիրը դատապարտվեց՝ շորթման մեղադրանքով

pastinfo.am-ը գրում է. «Դելովոյ Էքսպրես» թերթի  գլխավոր խմբագիր, 55-ամյա  Էդուարդ Նագդալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով շորթում, և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

Հիշյալ հոդվածը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով 2013թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում` «Կոնվերս Բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հաղորդման հիման վրա` շորթմամբ առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք հանձնելու և գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ։

2014թ. ապրիլի 28-ին Էդուարդ Նագդալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն։

2014թ. օգոստոսի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում, սակայն, մեղադրողը որոշում է կայացրել՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, խստացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով՝ Դատարանը հաստատված է  համարել, որ Էդուարդ Նագդալյանը Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես՝ «Դելովոյ Էքսպրես» թերթի որևէ համարում Բանկի վարած գործարար քաղաքականությունը քննադատելու, բանկի ղեկավար Տ.Դավթյանին «խաբեբա» անվանելու, իսկ Բանկին՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենախնդրահարույց ընկերություն ներկայացնելու սպառնալիքով 2013թ. հունիսի 19-ին  նրա աշխատավայր է ներկայացրել նամակ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության կողմից իր ղեկավարած «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամով, բայց և զեղչված արժեքով գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու, բանկի կողմից դատարան ներկայացված հայցերը հետ վերցնելու և բանակցություններն առանց դատարանի միջամտության շարունակելու, իր բանկային հաշիվներն ու ակտիվներն անհապաղ կալանքից ազատելու, «Գրին Վիլիջ» թաղամասի 6-րդ (իրականում 5-րդ) տունը կրկնակի գրավից անհապաղ հանելու, «Գրին Վիլիջ» թաղամասի հողամասում կառուցվող յուրաքանչյուր տան և հողի վարկերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափի գույքային բնույթի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ Բանկի հանդեպ չկատարած վարկային պարտավորությունների կապակցությամբ գոյացած 64.803.230,342 ՀՀ դրամին համարժեք 157,687.44 ԱՄՆ դոլարի չափով տուգանքներն ու տույժերը զրոյացնելու պահանջ։

«Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, չկատարելով վերոնշյալ ապօրինի պահանջները, 2013թ. հունիսի 25-ին հաղորդմամբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է»,- նշվում է դատավճռում։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ արատավորող տեղեկություններ տպագրելը մամուլի մասնագիտական պարտականությունն է և քննությամբ չի պարզվել, առավել ևս՝ հաստատվել, որ իր կազմած և Տ.Դավթյանին հանձնած քննադատական նամակում պարունակվում են արատավոր, կեղծ և զրպարտչական բնույթի տեղեկություններ։

Ամբաստանյալը նշել է նաև, որ Բանկն իրավունք չուներ առանց դատարանի որոշման արգելանք դնել իր հաշիվների վրա: Ւնքը վերոնշյալ նամակը գրել է, քանի որ հայտնվել էր անելանելի վիճակում. վարկեր տրամադրած և Տ.Դավթյանի ղեկավարած Բանկը խուսափում էր որևէ երկխոսությունից։

5.000.000 ՀՀ դրամի չափով գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ գլխավոր խնբագիրը հայտնել է, որ այդ պայմանագիրը կնքելու առաջարկն եղել է 50 % զեղչված արժեքով, այն Բանկի կողմից ընդունվելու դեպքում առաջին հերթին շահ ստացողը լինելու էր վերջինս, քանի որ կտնտեսեր նույնչափ գումար։

Թեև տեղյակ չէր տույժ-տուգանքների մասին, Տ.Դավթյանին ուղղված նամակում տուգանային պարտավորությունները հանելու մասով պահանջ է ներկայացրել, քանի որ ենթադրում էր, որ գույքը հանձնելուց հետո իր հիմնական պարտավորությունները մարված են։

Ըստ ամբաստանյալի՝ ինքը Բանկից վերցրել է ընդհանուր առմամբ 550.000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր, մոտ երկու տարի իր վարկային պարտավորությունները պատշաճ կատարել է, 3.000-ից 4.000 ԱՄՆ դոլարի չափով մայր գումարը և տոկոսները պարտաճանաչորեն վճարել է, ինչը շարունակվել է մինչև 2008 թվականի հիպոթեքային ճգնաժամը, երբ հաճախորդներն սկսել են խզել իր հետ կնքված պայմանագրերը։ Գիտակցելով, որ այլևս չի կարողանում վարկի մարումներ կատարել՝ շուրջ մեկուկես տարի բանակցել է Բանկի հետ։

Դատարանում նա նաև նշել է, որ նամակի բովանդակությունն իրականում մամուլում չէր տպագրելու, ՀՀ վարչապետին չէր դիմելու, քանի որ եթե նամակը արդյունք չտար, մնացած գործողությունները նույնպես անիմաստ կլինեին։ Նամակում հիշատակած «հոդվածի բոլոր իրավունքները գնելու» պահանջն ամբաստանյալը մեկնաբանել է փոխաաբերական իմաստով, մասնավորապես` արգելանքները հանելու տեսանկյունով։

Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանի պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվելու նպատակ:

Տուժող Տիգրան Դավթյանը Դատարանում հայտնել է, որ 2013թ. հունիսի 19-ին ստացել է նամակ, որի հեղինակն սպառնացել է դրանում եղած տեղեկատվությունը հրապարակել էլեկտրոնային լրատվամիջոցներում և թերթերում, ինչպես նաև՝ ուղարկել այդ հոդվածը ՀՀ ԿԲ նախագահին, ՀՀ այլ բանկերի տնօրեններին և ՀՀ վարչապետին, իսկ որպես պահանջների վերջնաժամկետ՝ նշվել էր 2013թ. հուլիսի 1-ը։

Դրանից հետո արդեն էլեկտրոնային փոստով ստացել է ևս մեկ նամակ, որի մեջ նամակագիրը հույս է հայտնել, որ ինքը կկատարի նախկին նամակի պահանջները։

2013թ. հունիսի 25-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԿԱ Ազգային անվանգության ծառայություն, որի աշխատակիցներն են պարզել, որ նշված նամակի հեղինակը «Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր, «Կոնվերս Բանկի» վարկառու Էդուարդ Նագդալյանն է։

Տուժողը հայտնել է, որ իր կարծիքով` Էդուարդ Նագդալյանի՝ նման քայլը կապված է բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները ժամանակին չմարելու հետ, ինչի պատասխանատվությունը վերջինս անհիմն կերպով վերագրել է իրեն և Բանկին։

Նա նշել է, որ «Կոնվերս Բանկ»-ի կողմից Էդուարդ Նագդալյանին հատկացվել էր մոտ 500.000 ԱՄՆ դոլար գումար և այդ պարտավորությունները չմարելու համար բանկի կողմից արտադատական կարգով վերցվել են գրավադրված Ձորաղբյուր գյուղի կառուցվող տների մի մասը։

2013թ. սեպտեմբերի 13-ին էլեկտրոնային փոստով ինքն Էդուարդ Նագդալյանից ստացել է ևս մեկ նամակ, որում վերջինս զղջացել է կատարածի համար և պարտավորվել է նման քայլերի չդիմել։ Ինքը վերջին նամակը չի ըմբռնել որպես սպառնալիք և Էդուարդ Նագդալյանի դեմ գույքային պահանջ և բողոք չունի, իր համար կարևորն այն է, որ նա զղջում է կատարածի համար։

Ըստ Տիգրան Դավթյանի՝ Նագդալյանի կողմից ներկայացվել են տարբեր ծրագրեր, որոնցից հարմարներն իրենց կողմից ընդունվել է, սակայն Նագդալյանը չի իրականացրել դրանք։ Խոսակցությունը գնացել է այն մասին, որ Նագդալյանն այլ ծրագրերի միջոցով պետք է գումարներ ներգրավեր և ավարտելով բնակարանների ենթակառուցվածքների շինարարությունը` ստանար բնակարանները վաճառելու հնարավորություն և ստացած գումարներով մարեր ստանձնած վարկային պարտավորությունները, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարել։

Ըստ տուժողի՝ այս պահի դրությամբ, որպես ֆիզիկական անձ, իրեն տուժող չի համարում: Տևական ժամանակ ճանաչելով Էդուարդ Նագդալյանին՝ տուժողը կարծիք է հայտնել, որ վերջինս ունակ էր իրագործելու տված սպառնալիքները, քանի որ բանկային պարտավորությունների հետ կապված անձն ունակ է դիմելու նման քայլերի։

Նա նշել է նաև, որ Էդուարդ Նագդալյանի կատարած արարքի համար օրենքով սահմանված պատիժը խիստ է, նրա դեմ քաղաքացիական հայց չունի, խնդրել է  նրան հնարավորինս մեղմ պատժել։

Դատարանն ի վերջո գտել է, որ  ամբաստանյալը կատարել է շորթում՝ Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրան է ներկայացրել առանձնապես խոշոր չափով գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այսինքն` կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Դատարանը միաժամանակ փաստել է, որ «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ տուժող Տ.Դավթյանին ներկայացված պահանջը չի բովանդակում ՀՀ քրեական օրենսգքրի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու հիմնավոր փաստարկ չէր և այդ տեսանկյունով անհրաժեշտ է հանել ամբաստանյալին առաջադրված վերջնական մեղադրանքից, քանի որ վերջինս նման պահանջը պետք է ներկայացներ տուժողի համար ակնհայտ ոչ ձեռնտու և միաժամանակ իր համար շահավետ պայմաններով, մինչդեռ պայմանագիր կնքելու և այդ կերպ ծառայություններ մատուցելու առաջարկը տուժողին, ըստ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների և իրեղեն ապացույց ճանաչված նամակի գրառումների, ներկայացվել է 50 % զեղչ կատարելու պայմանով, ինչը, որպես պաշտպանական կողմի վարկած, մեղադրող կողմը մինչդատական և դատական քննության արդյունքներով չի հերքել, ուստի՝ պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Էդ.Նագդալյանի։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին