▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոնկոնգ» կոչվող վիրուսը Հայաստան կհասնի՞. գրիպի սեզոնը մոտենում է

armtimes.com-ը գրում է. Օրերն արդեն ջերմ չեն, շրջապատում հաճախ կարելի է հանդիպել թաշկինակներով զինված մարդկանց, դպրոցներում բազմաթիվ հիվանդ երեխաներ կան: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում գրիպ է տարածված: Եվ եթե այո, ապա ինչ տեսակի կամ ենթատեսակի է այն պատկանում ու ինչ առանձնահատկություններ ունի:

Օրինակ, Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններն արդեն հայտարարել են, որ իրենց երկրին է մոտենում գրիպի «Հոնկոնգ» տեսակը, որին երկար ժամանակ չեն հանդիպել: Նաեւ նշվել է, որ այն ավելի ինտենսիվ տարածված է եղել 1960-ականների վերջին, ու հնարավոր է՝ այժմ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն, ինչն էլ որոշակի ռիսկեր է առաջացնում: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեր զրույցում ասաց, որ Հայաստանում գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 42-րդ շաբաթից, այսինքն` հոկտեմբերի կեսից:

«Բայց անկախ դրանից` գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի միջոցառումներն արդեն սկսվել են: Վերակենդանացման բոլոր բաժանմունքների մասնագետները Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ մասնակցել են սեմինար դասընթացների` գրիպի եւ նրա բարդությունների բուժման վերաբերյալ: Այս տարվա հոկտեմբերի 21-ին նույնպես նախատեսվում է անցկացնել տարեկան աշխատաժողով, որին մասնակցելու են հանրապետության բոլոր մարզերի համաճարակաբանները եւ վարակաբանները, որտեղ ներկայացվելու են ինչպես նախորդ տարվա սեզոնի համաճարակային իրավիճակի առանձնահատկությունները, այնպես էլ եկող սեզոնին առնչվող սպասելիքները եւ ձեռնարկվելիք աշխատանքները»,- ասաց նա: 

Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, հիմա մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավականին հանգիստ է: Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվող դեպքերը 300-ով պակաս են, թեպետ  վերջին շաբաթներին նախորդների նկատմամբ դիտվում է հիվանդացության որոշակի աշխուժացում: Այս պատկերը ձեւավորվել է ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններին դիմելու վիճակագրությունը հաշվի առնելով: Հայտնի է, սակայն, որ Հայաստանի բնակչությունը նախընտրում է ինքնաբուժությամբ զբաղվել տնային պայմաններում, քանի դեռ կարող է: Հետեւաբար, պաշտոնական տվյալներն, ամենայն հավանականությամբ, բավական հեռու են իրականությունից:

Ամեն դեպքում, ըստ Լիանա Թորոսյանի, լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուս առայժմ չի հայտնաբերվել, եւ շնչառական հիվանդություններից գանգատվողներից վերցված նմուշներում անջատվել են միայն ռինովիրուսներ: «Դրանք գրիպի վիրուսներ չեն, դրանք այլ շնչառական վարակների վիրուսներ են, որոնք հիմնականում արտահայտվում են առատ քթահոսությամբ, մի փոքր ջերմություն կարող է լինել, կարող է չլինել, եւ հիվանդությունը, որպես կանոն, 3-4-րդ օրը անցնում է: Այսինքն` ծանր չէ: Բայց իրավիճակը այլ է երեխաների մոտ, որովհետեւ երեխաները բավականին խոցելի են, նրանց մոտ կարող է ինչ-ինչ պատճառներով հիվանդությունը երկարաձգվել»,- նշեց մասնագետը:

Բոլորին ու հատկապես երեխաներին, հղիներին, տարեցներին ու խրոնիկ հիվանդներին նա խորհուրդ է տալիս բժշկի դիմել, եթե երկու օր անց չի նկատվում լավանալու միտում, նաեւ ընդգծում է` հակաբիոտիկներ չօգտագործել: Ինչ վերաբերում է «Հոնկոնգ» վիրուսին, ապա դա գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակն է, եւ հարցին, թե որքան է հավանականությունը, որ այն նաեւ Հայաստան ներթափանցի, առողջապահության նախարարության մասնագետը պատասխանեց.

«Անգամ եթե հանրապետությունում շրջանառեն այլ հարուցիչներ, մեր այսօրվա լաբորատոր հնարավորությունները թույլ են տալիս այդ ենթատեսակները հայտնաբերելու: Ընդհանրապես, եթե Ռուսաստանում որեւէ խնդիր է լինում հատկապես գրիպի վիրուսների շրջանառության առումով, մեր համաճարակաբանական դիտարկումները ցույց են տալիս, որ մեկ-երկու ամիս հետո այդ հարուցիչները սկսում են շրջանառվել մեզ մոտ: Դրա համար մենք ասում ենք, որ սեզոնային վարակների առաջին փոքր ալիքը դիտվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, հետո նվազման միտում է լինում, եւ ամենածանր ալիքը սպասում ենք հաջորդ տարվա փետրվար-մարտին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին