▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարականիս հարց չի քննարկվել. Խոակին Կապառոս

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հյուսիսային Մակեդոնիայի թիմին 0։5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի պաշտոնանկության հարց չի քննարկվել։ Այդ մասին իսպանացի մասնագետը հայտնեց Գերմանիայի հավաքականի հետ դիմակայության նախախաղային ասուլիսում։

«Իմ հրաժարականի հարց նախորդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չենք քննարկել։ Խոսել ենք մեր ապագա նախագծերի մասին։

Նախորդ խաղերում մենք արդյունավետ չէինք գործում, եւ դա էր պատճառը, որ հաղթանակներ չտարանք։ Ալեքսանդր Կարապետյանի հետ հույսեր կապում ենք, բայց նաեւ կարելի է հարցնել երիտասարդ Նարեկ Գրիգորյանի մասին։ Եթե նրանք հրավիրվում են, նշանակում է կարեւոր են հավաքականի համար։

Ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք իրենց մոտիվացնում են, քանի որ նրանք են առաջին հերթին զգում պարտության դառնությունը։ Նախորդ խաղի հետ կապված շատ մեծ հույսեր եւ խանդավառություն կար։ Խոսել ենք նրանց հետ, փորձել ենք հոգեբանորեն պատրաստել եւ կարեւորել Գերմանիայի հետ վերջին հանդիպումը, մեր երկրպագուների ներկայությամբ արժանի խաղ ցուցադրելը։

Գերմանիայի կազմը նշանակություն չունի, բարձրակարգ շատ ֆուտբոլիստներ ունի եւ տարիներ շարունակ նույն ֆուտբոլային գաղափարի ներքո է աշխատում։

Նախագծերը միշտ իրականացվում են հանգիստ, համբերատար, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու»,- նշեց Խոակին Կապառոսը։

Հայաստանի հավաքականը գերմանացիներին կընդունի նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։ Թիմերի առաջին խաղում 6։0 հաշվով հաղթել է Բունդեսթիմը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին