▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

HSBC Խմբի և «Օրրան»-ի համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնես հիմնելու հարցում

Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկեց «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

 

/filemanager/uploads/Orran_1111.jpg

 

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները: Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաև բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաև անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական և գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն և նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ և դասընթացավարներ:

Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը և մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար:

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշում է ծրագրի կարևորության մասին. «Այսօր իմաստալից կյանք ունենալու համար հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատանք: Այս ծրագիրը միտված է տալ երիտասարդներին հմտություններ, որոնք էլ կապահովեն նրանց այդ արժանապատիվ աշխատանքը»:

«Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը հավելում է. «Բազմաթիվ երիտասարդներ ունեն կարողություններ և նպատակ՝ բիզնեսում հաջողելու կամ թեև դժվարին, բայց հաջող կարիերա ունենալու համար, սակայն նրանք աջակցության կարիք ունեն։ Հանդիսանալով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անդամ՝ մենք շարունակում ենք բանկի երկարատև ավանդույթը. այն է` հնարավորինս խթանել դրական ազդեցությունն այն երկրներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում։

Էյչ-Էս-Բի-Սի-ն օգնում է սոցիալապես խոցելի մարդկանց՝ նպաստելով զբաղվածության աճին և բարելավելով ֆինանսական կարողություններն իր «Ապագայի հմտություններ, մեծ ազդեցություն» միջազգային ծրագրի ֆոնդի միջոցով։ Այս ծրագիրը հրաշալի օրինակ է ի ցույց նրա, թե ինչպես մեր գլոբալ ցանցի և հնարավորությունների միջոցով հնարավոր է դառնում նպաստել տեղական համայնքների զարգացմանը»։

***

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,959 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 299 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։

«Օրրան» ԲՀԿ

«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Նրա առաքելությունն է խոցելի խմբերի երեխաներին հավաքագրել փողոցից և ներգրավել կրթական, մշակութային և արհեստագործական գործունեության մեջ, ինչպես նաև աջակցել միայնակ և կարիքավոր տարեցներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.orran.org

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին