▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության պատասխանը Կարեն Կարապետյանին չուշացավ, եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Կարեն Կարապետյանը շոուներին տուրք տա եւ անձնական հավակնություններով առաջնորդվի, ապա չեն կարող այդպես երկար շարունակել: Հիշեցնենք, որ խոսքը նախօրեին կառավարության առաջին նիստում Կարեն Կարապետյանի ռեպլիկի մասին է, երբ նա Արծվիկ Մինասյանի հայտարարությանն ի պատասխան, թե արտոնություն խնդրող ընկերությունները մեկ շաբաթ են սպասել, հայտարարեց, թե չի հավատում:

Դաշնակցության պատասխանը, սակայն, ավելի շատ ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին է ուղղված, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կառավարությունում Կարեն Կարապետյանին ու Դաշնակցությանը հանել դեմ դիմաց, թողնել մեն մենակ՝ ով ում կհաղթի: Դա էլ, իհարկե, տարբերակ է, եթե Սարգսյանը վստահ լինի, որ կհաղթի Կարեն Կարապետյանը:

Այդպիսով նա փաստորեն կազատվի նաեւ Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածություններից, որոնք Սերժ Սարգսյանի համար ներկայումս ակնհայտորեն բեռ են դարձել, քանի որ այդ պայմանավորվածությունները անկասկած կնքված էին կարճաժամկետ նպատակներից ելնելով կամ պարզապես Հովիկ Աբրահամյանի դեմ, եւ ակնհայտ էր, որ երբ Սարգսյանը լուծի Հովիկ Աբրահամյանի չեզոքացման հարցը, դրանից հետո ՀՅԴ-ի հետ կոալիցիան դառնալու է պարզապես ժամանակավրեպ եւ իմաստազուրկ:

Վերջիվերջո՝ Կարեն Կարապետյանը, իհարկե, քաղաքական գործունեության փորձառություն չունի, սակայն բավական հարուստ կենսափորձ ունի այսօրինակ համակարգի հետ շփումների համար եւ կառավարության առաջին իսկ նիստում այդպիսի վրիպում թույլ չէր տա ՀՅԴ-ի հանդեպ, եթե չունենար որոշակի վստահություն այդ վրիպումը «լեգիտիմացնող» մթնոլորտի մասով:

Դաշնակցությունն էլ անկասկած բավական հարուստ կենսափորձ ունի՝ հասկանալու համար, որ իր դեմ կանգնած է ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը: Եվ Արմեն Ռուստամյանի պատասխանը հենց Սերժ Սարգսյանին է ուղղված:

Ինչ արձագանք կհետեւի Սարգսյանից: Բացառված չէ, որ ոչ մի: Սարգսյանի համար այս հարթության վրա հասարակական ցուցադրության անհրաժեշտություն չկա, եւ այն, ինչ պետք էր փոխանցել ՀՅԴ-ին, նա առնվազն այս փուլի համար կարծես թե փոխանցել է Կարեն Կարապետյանի միջոցով: Մնացյալը կանի կա՛մ կառավարության ձեւավորման տեսքով, կա՛մ այդ կառավարության գործունեության ընթացքում, քանի որ չնայած առանց Հովիկ Աբրահամյանի ՀՅԴ-ի հետ կոալիցիան իմաստազրկված է, այնուհանդերձ՝ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի համար չի դադարի ռեսուրս լինելուց՝ «ազգային համաձայնության» նախագծի շրջանակում:

Պարզապես նոր կառավարության գործունեության 6-7 ամիսներին Սերժ Սարգսյանը կփորձի իրավիճակը փետրվարի համեմատ հնարավորինս փոխել այնպես, որ արդեն ոչ թե ՀՅԴ-ի հետ հարաբերությունը լինի փոխադարձ պայմանավորվածության վրա, այլ ՀՅԴ-ն հայտնվի, այսպես ասած, պայմանավորվածություն «խնդրողի» դերում, այսինքն՝ Սարգսյանը որեւէ պարտավորություն ՀՅԴ-ի հանդեպ այլեւս չունենա:

Այդ տեսանկյունից կառավարության գործունեության շրջանակում իհարկե՝ ոչ շատ ցուցադրական, սակայն վարչապետ-ՀՅԴ դիմակայությունը կարող է լինել շատ հավանական շարունակվող գիծ, ընդ որում՝ անկախ այն բանից, թե ի վերջո՝ ինչ պորտֆելներ կզբաղեցնի ՀՅԴ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին