Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Միջազգային աստղագիտական միությունը հիմնեց աստղագիտության համակարգման տարածաշրջանային կենտրոն: Հայաստանյան գրասենյակը կգործի Բյուրականի աստղադիտարանում և կհամակարգի աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում.
«Սա Վիկտոր Համբարձումյանից հետո, կարելի է ասել, մեր ունեցած ամենամեծ հաջողությունն է: Դրսից քայլ արվել է, մնում է, որ պատասխան քայլ կատարի մեր ղեկավարությունը, քանի որ գրասենյակի կայացման համար երկկողմանի ֆինանսներ պետք է հայթայթենք: ՄԱՄ-ը հիմանականում խոշոր գիտնականների է գործուղում այստեղ.ասենք՝ Նոբելյան մրցանակակիրների»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի(ԲԱ) առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե կոնկրետ որքա՞ն գումար է անհրաժեշտ, աստղագետը պատասխանեց.
«Տարեկան մոտ 10 միլիոն դրամ է անհրաժեշտ: Գումարի չափից կախված է մեր գործունեության չափը.բազում ծրագրեր կան՝ կապված երեխաներին աստղագիտության հետ կապելու հետ: Հայաստանը միայն գիտությամբ կարող է առաջ գնալ. ոչ տնտեսություն կա, ոչ գյուղատնտեսություն: Հիշում եմ՝ մեկ անգամ Սերժ Սարգսյանին հարցրեցի՝ երբ կանգնում եք հզոր երկրների ղեկավարների կողքին, ինչպե՞ս եք Ձեզ զգում: Նա չպատասխանեց: Շարունակեցի խոսքս՝ ասելով. Դուք Ձեզ հպարտ պետք է զգաք, որ ՀՀ-ն եք ներկայցանում: Ճիշտ է, մեր Հայրենիքը շատ փոքր է, բայց մեծ մշակույթ է կրում: Սա է մեր առավելությունը»:
Արեգ Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում հատկապես մեր երկու հարևանների՝ Թուքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը.
«Եթե մենք ցանկանում ենք, որ ինչ-որ հարց լուծվի, նախ և առաջ Թուրքիայի ներսում ինչ-որ բան պետք է փոխվի: Դրսից ճնշում գործադրելով չեմ կարծում, որ Թուրքիան ազդվի: Միայն թուրք հասարակությունը կարող է ազդել իշխանության վրա: Թուրքիայի ներսում կան բազում ՀԿ-ներ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Իսկ Ադրբեջանում առայժմ այդպես չէ.այնտեղ երեխաները հակահայ դաստիարակություն են ստանում: Ադրբեջանի հետ կապը շատ թույլ է: Նամակով դիմեցինք, որպեսզի Ադրբեջանի աստղագետները ճանաչեն Հայաստանը որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն և մեզ միանան: Նրանք չպատասխանեցին: Հետո պարզ դարձավ՝ կառավարության քաղաքականությունն է՝ գիտնականներին արգելում են հայերի հետ կապ հաստատել: Հուսանք, որ կգա օրն ու նրանք կընդվզեն»,-Asekose.am-ի թղթակցի հարցին պատասխանեց աստղագետը:
Անի Կարապետյան