Ինչպես արդեն հայտնել ենք, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել էին ձերբակալել: Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում և լուսանկար տեղադրել: Միջադեպի հետ կապված Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառման միջոցով պարզաբանել է թյուրիմացության հանգուցալուծումը.
«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը:
Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում:
Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:
Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան:
Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների և հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»: