Ճիշտն ասած` նոր մտածում եմ, թե ինչքան հեշտ բան է ընդհանրապես ներդրում չկատարելով, քանի որ ասֆալտապատում և այլն դրանց հետ ոչ մի ընկերություն չի կարող կապ ունենալ, ընդամենը փողոցում կարմիր գծանշում կատարելով, դա էլ, ինչքան հասկացա, ոչ իրենց ուժերով, մարդիկ օդից գումար են վաստակելու... Ճիշտն ասած` էն պապիկներին փող տալիս էի, բայց հիմա չեմ տալու ու չեմ էլ պատրաստվելու տամ, ինչի՞ համար... որովհետև են մարդիկ գոնե կանգնում ու ասում էին` արի, արի, արի, հոպ:
Սրանք դա էլ չեն անելու, բայց փողը վերցնելու են... ինչի՞ համար: Եթե նկատի ունեն, որ ամբողջ աշխարհում այդպես է, կներեք, բայց աշխարհի մի պստիկ մասը ման եմ եկել ու այդպիսի բան չեմ տեսել... Ցանկացած հիմնարկի, խանութի առջև մի քանի հարյուր տեղանոց ավտոկանգառ կա՝ անվճար... Իսկ փողոցներում վճարովի ավտոկայանատեղեր միայն հատուկ տեղերում են լինում, ընդ որում` վճարովի կայանատեղիներում սպասարկողը պատասխանատու է ամեն ինչի համար՝ մեքենայի պահպանությունից մինչև անվտանգ կայանելն ու դուրս գալը կայանատեղից: Հիմա մեզ մոտ մի հիմար իրավիճակ է, երբ անհայտ է մեքենայի պահպանության հարցը, իսկ կայանելու և կայանատեղից դուրս գալու անվտանգության հարց ընդհանրապես չկա ու չի էլ կարող լինել: Ու ինչո՞ւ պիտի գումար վճարվի, ինչի՞ համար: Ինչքան էլ քաղաքային իշխանությունները փորձեն ապացուցել, որ դա բխում է ինչ-ինչ պայմաններից, ես այդ պայմանները չեմ տեսնում: Սա նույն վիճակն է, երբ քաղաքային իշխանությունները աղբահանության պայմանագիր են կնքել մի ընկերության հետ, որի ոչ մի ներկայացուցչի չի հաջողվել գտնել, ում հետ խոսում ես, ասում է` ես ընդամենը միջնորդ եմ:
Ես էլ ասում եմ` եթե իրականացվում է սպասարկում, ապա այդ սպասարկումը պիտի կատարվի համապատասխան պայմանագրերի հիման վրա: Ինչո՞ւ է պայմանագիրը պարտադիր ինձ համար, որովհետև միայն պայմանագրի առկայության դեպքում դու սպասարկող ընկերությունից կարող ես պահանջել իր պարտականությունների կատարում: Եթե չկա նման պայմանագիր, ապա ոչինչ չես կարող պահանջել, և արդյունքում դուրս է գալիս, որ դու գումար ես մուծում մի ծառայության համար, որը քեզ չի մատուցվում:
Այս ամենից ելնելով` ես որոշեցի, որ չեմ վճարելու ոչ մի գումար ավտոմեքենայիս կայանելու համար ոչ մեկին, որովհետև ոչ մեկն էլ ինձ որևէ ծառայություն չի մատուցում, ես ինքս գտնում եմ դատարկ տեղ, ոչ մեկը ինձ չի օգնում, ինքս կայանում եմ, ինքս կայանատեղից դուրս եմ գալիս, մեքենայի պահպանության իրականացման համար էլ ինքս մեքենայի վրա տեղարդել եմ ձայնային պահպանության համակարգ: Դե ես կկանգնեմ, թող ինձ տուգանեն: Ո՞վ պիտի տուգանի, մի՞թե հանրային սեփականություն հանդիսացող փողոցը սեփականաշնորհվել է ինչ-որ մեկի կողմից, ով իրավասու է դա համարել իր սեփականությունը և գումար պահանջել ինձանից այնտեղ կայանելու համար: Դրա համար արդեն չեմ լռի ու դատական կարգով կպաշտպանեմ իմ իրավունքները:
Հրաչյա Պետրոսյանցի գրառումը
Ֆեյսբուք