▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են բողոքում քաջարանցիները

Չորեքշաբթի՝ վաղ առավոտյան՝ ժամը 7.30-ից մոտ 50 քաջարանցի հավաքվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենաներով մտնեն տարածք։

Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը։

Առավոտ․am-ն է գրում ու մանրամասնում․ «Ցուցարարները այնուհետեւ պաշարեցին ԶՊՄԿ-ի վարչական շենքը՝ պահանջելով տնօրինության ներկայացուցիչներին։ Նրանց պահանջները սոցիալական են՝ աշխատանքով ապահովել բանակից զորացրված երիտասարդներին, եւ նախկին աշխատանքում վերականգնել երկու տարի առաջ՝ 2021թ.-ի հուլիսին ազատված քաջարանցիներին։ Ցուցարարներին հանդիպեց կոմբինատի արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նա առաջարկեց ընտրել 5 հոգի՝ հանդիպելու տնօրինության հետ։ Ցուցարարները հրաժարվեցին՝ պահանջելով տաքուկ կաբինետներից իջնել ու դրսում հանդիպել բոլորի հետ։ «Թող գան՝ երեւանցի լինի, ռուս լինի՝ մի հատ բացատրենք մեր պահանջները, ներկայացնենք հարցը ինչումն է կայանում ու սպասենք իրենց պատասխանին»,-նշեց Գեւորգ Թոսունյանը:
4 ժամ սպասելուց հետո, այդպես էլ ոչ մի պատասխանատու չհանդիպեց ցուցարարներին։ Նրանք կեսօրին մոտ փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ խաթարելով կոմբինատի աշխատանքը։

Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա մեր բողոքի մեջ ու խնդրում ենք բոլոր հասարակական կազմակերպություններին չքաղաքականացնել՝ կայքի հետ զրույցում նշեցին ցուցարարները։ «Մենք կառավարության դեմ ոչինչ չունենք, չեմ կարծում, որ կառավարությունը դեմ լինի, որ մենք աշխատենք։ Համոզված եմ, ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիների աշխատելուն դեմ չի լինի»,-ասաց նա։
Դեպի հանքավայր տանող ճանապարհը փակելուց հետո ցուցարարներին հանդիպեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Նա առաջարկեց բացել ճանապարհը, բողոքավորներից ընտրել 10 պատվիրակ՝ հանդիպելու իր, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ ԶՊՄԿ տնօրինության հետ։ Ցուցարարները համաձայնվեցին մեկ պայմանով՝ ճանապարհը կմնա փակ, մինչեւ բանակցությունների ավարտը։

Արձակուրդն ընդհատած Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Վարդան Ջհանյանի, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի ու բողոքավորների հանդիպումը փակ դռների հետեւում է․ առանց լրագրողների ավելի անկաշկանդ քննարկում կլինի։ Մոտ 6 ժամ տեւած բանակցության արդյունքում՝նախ բացվեց դեպի հանքավայր տանող ճանապարհը։

Ցուցարարները համաձայնվեցին՝ քննարկել եւ կոմբինատի վարչակազմին ներկայացնել սոցիալապես անապահով ընտանիքներից մեկական անդամ՝ աշխատանքով ապահովվելու համար։ Այնուհետեւ փուլ առ փուլ աշխատանքով կապահովվեն բանակից զորացրված երիտասարդները։ Ինչ վերաբերում է երկու տարի առաջ աշխատանքից ազատված քաջարանցիներին, ապա այդ հարցը դեռ ճշգրտման փուլում է։

Փորձեցինք ճշտել նաեւ ԶՊՄԿ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Ընկերությունից պատասխանեցին, որ այս փուլում զերծ են մնում որեւէ մեկնաբանություն անելուց»։
 

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին