Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Հայաստանի վարչապետը այսօր, հուլիսի 5-ի առավոտյան, ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելել Հո Շի Մինի դամբարան: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար, որն ունի հազար տարվա պատմություն: Այս համալիրը ծառայել է որպես յուրատեսակ համալսարան:
Այսօր օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է վիետնամցի իր գործընկեր Նգույեն Սուան Ֆուքի հետ: Բանակցությունների արդյունքում ստորագրվելու է երկու համաձայնագիր, ինչպես նաև արվելու է համատեղ հայտարարություն լրատվամիջոցների համար: Ստորագրվելիք երկու համաձայնագրերը վերաբերելու են կրթության և զբոսաշրջության ոլորտներին:
Հայաստանի ղեկավարներից Վիետնամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ի հունիսին: Վիետնամ այց են տվել նաև Հայաստանին փոխնախագահ (նման պաշտոն ՀՀ-ում եղել է 1991-1996 թթ) Գագիկ Հարությունյանը 1992-ի դեկտեմբերին, ինչպես նաև արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը՝ 2002-ի օգոստոսին և Էդվարդ Նալբանդյանը՝ 2012-ի փետրվարին:
Վիետնամից միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Հայաստան, եղել արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնը՝ 2015-ի հոկտեմբերին:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին: Հայաստանը մայրաքաղաք Հանոյում ունի դեսպանություն 2013-ից: Այդ տարվա օգոստոսից դեսպանը Ռաիսա Վարդանյանն է: Շուտով նրան փոխարինելու է նորանշանակ դեսպան Վահրամ Կաժոյանը:
Վիետնամի դեսպանը Երևանում համատեղության կարգով է, նստավայրը՝ Մոսկվայում:
Վիետնամի մասին՝մի քանի փաստեր
Վիետնամը Հայաստանից տարածքով մեծ է ավելի քան 10-ն անգամ, բնակչությամբ՝ 30 անգամ: Երկրի տարածքը 329,247 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 92 միլիոն։
Հյուսիսից սահմանակից է Չինաստանի, արևմուտքից՝ Լաոսի ու Կամբոջայի հետ, իսկ արևելքում և հարավում՝ Հարավ-չինական ծովն է։ Մայրաքաղաքը Հանոյն է։
Հիմնական լեզուն վիետնամերենն է, հիմնական կրոնը՝ բուդդայականությունը, դրամական միավորը՝ դոնգը։
Վիետնամը և վիետնամցիներին Հայատանում լավ գիտեն, ավելի ճիշտ՝ լավ գիտեին խորհրդային տարիներին: Խորհրդային Միությունն ու Վիետնամը բարեկամ պետություններ էին: Խորհրդային Հայաստանում ուսանել են բազմաթիվ վիետնամցի ուսանողներ:
Այսօր Վիետնամը միակուսակցական պետություն է, որտեղ իշխում է Կոմունիստական կուսակցությունը։ Հարավ-արևելյան Ասիայի ամենազարգացող տնտեսություններից մեկն ունի և արդեն մյուս տարվանից համարվելու է զարգացած պետություն։
1975-ին երկրի հյուսիսն ու հարավը միավորվեցին։ Այս միացմանը նախորդել էր երեսուն տարիների պատերազմը, որ կումունիստները մղել էին նախ Ֆրանսիայի տիրապետության, ապա Հարավային Վիետնամի և նրան աջակցող ԱՄՆ-ի դեմ։
Վիետնամի խոշորագույն քաղաքը Հո Շի Մինն է՝ ավելի քան 8 միլիոն բնակչությամբ։ 1955-75 թթ եղել է Հարավային Վիետնամի մայրաքաղաքը և կրել Սայգոն անունը ։ Հո Շի Մինը երկրի տնտեսական, արդյունաբերական ու տուրիստական մայրաքաղաքն է, երկրի ամբողջ ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը և արդյունաբերական արտադրանքի գրեթե 30 տոկոսը ստեղծվում է այս քաղաքում։
Երկրորդ խոշոր քաղաքը Հանոյն է՝ ավելի քան 7 միլիոն բնակչությամբ։ 1954-76 թվականներին եղել է Հյուսիսային Վիետնամի, իսկ 1976-ից՝ միասնական Վիետնամի մայրաքաղաքն է։
Հայաստան-Վիետնամ տնտեսական կապերը
Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: Ճիշտ է, այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղությամբ է: 2018-ին Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 566 հազար դոլարի արտադրանք, մինչդեռ նույն տարում ներմուծումը կազմել է ավելի քան 46 միլիոն դոլար: