ABC հեռուստաալիքը ցուցադրել է սահմռկեցուցիչ կադրեր, թե ինչպես է կատաղած շունը, նպատակաուղղված կերպով հատելով փողոցը, հարձակվում մայրիկի կողքով քայլող 4-ամյա աղջկա վրա: Շունն ատամներով այնքան ամուր է կառչել երեխայից, որ մայրն անզոր է եղել ազատել դստերը: Բարեբախտաբար արագորեն օգնության են հասել մի խումբ տղամարդիկ, որոնց հաջողվել է ազատել փոքրիկին շան ճիրաններից: Հարձակման հետևանքով 4-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, կատաղած պիտբուլը հարձակվել էր Մաշա անունով շնիկի վրա և հոշոտել նրան: Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն այն պատճառով, որ պիտբուլի զոհը փոքրիկ ու անօգնական շնիկն էր, այլ որովհետև նրա փոխարեն կարող էր փոքրիկ երեխա լինել: Դեպքի առիթով անհանգստացած քաղաքացիները նամակներ էին գրել Երևանի քաղաքապետին, ոստիկանապետին` պահանջելով միջոցներ ձեռնարկել նման միջադեպերից խուսափելու համար, օրինակ, արգելել շներին զբոսանքի տանել առանց դնչկալի: