▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս են Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում պառակտել հայ ժողովրդին»

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում: Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության «CALIBER.AZ» քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր: Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ...»: Ըստ այդ բարբաջանքի պարզվում է, որ «վեճի» պատճառն իբր Օգանովսկուն պատկանող «գաղտնի պահեստներն ու արտադրամասերն են, որտեղ թանկարժեք մետաղ է արդյունահանվում...»: Եվ ամենազավեշտալին՝ «...Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդկանց ասեկոսեների համաձայն՝ Արցախի ղեկավարը հանգստացրել է Օգանովսկուն, ով սպառնացել է սպանել Ռուբեն Վարդանյանին այն բանի համար, որ նա սկսել է կարգուկանոն հաստատել Արցախում...»:
Որ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը քանիցս է հայտնվել ներքին ու արտաքին հայրենակործան ուժերի թիրախում, դա փաստ է և ոչ այնքան զարմանալի: Բայց որ նա ունի կամ ուներ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստներ ու արտադրամաս, դրան հավատալու համար, առնվազն, առանձնահատուկ երևակայություն է պետք: Իսկ ինչ վերաբերում է պետնախարարի հետ վիճելու կամ սպանելու ֆանտազիային, ապա ավելորդ է այդ մասին խոսել, մանավանդ, որ Սամվել Կարապետյանն իր ողջ գիտակցական կյանքում միշտ էլ եղել է կարգուկանոնի կողմնակից...
Ելնելով վերոնշյալից, ցանկանալի է, որ մտածող ու Երկրի ապագայով մտահոգ մեր ամեն մի հայրենակից ավելի ուշադիր և ազնիվ լինի այն Մեծությունների հանդեպ, որոնց շնորհիվ ժամանակին ունեցել ենք համազգային նշանակության հաղթանակներ ու ձեռքբերումներ: Աշխատենք հարգել ու մեծարել Հայրենիքի համար ինչ-որ բան արած անհատներին և, հավատացեք, ՄԵՆՔ նորից կունենանք ավելին, քան ունենք այսօր: Հակառակ դեպքում մեր «հերոսները» լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին