▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են Երևանում նշել Երեխաների իրավունքների պաշտպանության օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Քաղաքապետը շրջել է այգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն: Օգտվելով առիթից` ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:

 Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուրի համար էլ ծնողների մշտական հոգատարությունը հաճելի է ու սպասված:

 «Անկեղծ ասած, երեխաների տոնը ես համարում եմ անխտիր բոլորիս տոնը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա: Ու հատկապես հայերիս դեպքում այս զգացողությունն առավել ընդգծված է, քանի որ մենք՝ որպես ծնող, երբեք չենք դադարում հոգ տանել մեր երեխաների մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեր երեխան ինքն է ծնող ու իր զավակներն ունի: Իմ խորին համոզմամբ, սա մեր ազգային այն լավագույն առանձնահատկություններից մեկն է, որը, հուսամ, երբեք չենք կորցնի: Ընդ որում, ծնողներ-երեխաներ այդ կապը նաև արտահայտվում է երկրի ու պետության հանդեպ սիրո տեսքով: Եվ մենք պետք է այդ ավանդույթները փոխանցենք մեր երեխաներին, որպեսզի նրանք ևս շարունակեն մեր երկրի ու պետության հզորացումը»,- նշել է քաղաքապետը:

 Երևանի քաղաքապետարանի 2014-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում այսօր Երևանի սիրված հանգստի այս գոտին դարձել է գրավիչ ու հարմարավետ: Տեղում մանրակերտի վրա Երևանի քաղաքապետին են ներկայացվել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի ծրագրի մանրամասները: Արդեն այս տարի կմեկնարկի արջերի և գայլերի ընդհանուր ազատավանդակի ընդլայնումը, ընդ որում այսօրվա 1250 քմ-ի փոխարեն այն կդառնա 5550 քմ: Բացի այդ, նախատեսված է նաև շուրջ 3000 քմ մակերեսով առյուծների ընդարձակ ազատավանդակի կառուցումը: Շուրջ 5000 քմ մակերես էլ կզբաղեցնի թռչունների նոր ազատավանդակը, որի շրջանակում կտրվեն այնպիսի լուծումներ, որ այցելուները հնարավորություն ունենան հայտնվել թռչունների հետ նույն տարածքում:
 «Այսօր իսկապես կարող ենք փաստել, որ Երևանի կենդանաբանական այգին տարածաշրջանում լավագույն կենդանաբանական այգին է և բոլորն այսօր շատ ավելի մեծ հաճույքով են այցելում այգի, քան նախկինում: Մենք դեռևս այգու զարգացման ծրագրի միայն առաջին փուլն ենք ավարտել և առաջիկայում նախատեսում ենք սկսել 2-րդ փուլը: Վստահեցնում եմ բոլորիդ, որ ծրագրի իրականացման արդյունքում այգում գերակշռելու են մեծ և ընդարձակ կենդանավանդակները, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Ի դեպ, տոնի առիթով այսօր հաճելի անակնկալ ենք մատուցել մեր բոլոր համաքաղաքացիներին և կենդանաբանական այգու այսօրվա այցելուներին: Ողջ օրվա ընթացքում այգու մուտքը բոլորի համար լինելու է անվճար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Կենդանաբանական այգու տարբեր հատվածներում կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր:

 Բոլոր լուսանկարներն` այս հղումով

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Երևանյան ամառ 2016» միջոցառումների շարքում քաղաքապետարանի ենթակայության արվեստի դպրոցի սաները կերպարվեստի բաց դաս են անցկացրել: 

«Աշխարհը՝ երեխաների աչքերով» բացօթյա միջոցառման ընթացքում երեխաներն իրենց նկարներում հիմնականում պատկերել են դեպի խաղաղություն տանող ճանապարհը:
Բազմաթիվ փոքրիկներ, միանալով տոնին, նաև իրենք են փորձել նկարակալների առջև ստեղծագործել:
Արվեստի դպրոցների աշակերտների արդեն ավարտված աշխատանքներով Ազատության հրապարակը վերածվել է յուրօրինակ ցուցասրահի:

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից: 

 Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Ամբողջությամբ նորոգված ու հետաքրքիր նոր անկյուններով համալրված այգում երեխաները զբոսնել և ծանոթացել են կենդանատեսակներին, որոշ տեղերում ուղեկցողների հսկողությամբ նաև կերակրել կենդանիներին: Կենդանաբանական այգուց երեխաները ձեռնունայն չեն հեռացել. տնօրինության կողմից բոլոր փոքրիկները հուշանվերներ են ստացել: Իսկ ամենակարևորը իրենց հետ են տարել օրվա հիշողությունները:
 «Յուրաքանչյուր երեխայի մանկություն ինչ-որ չափով պետք է նման լինի հեքիաթի, ուր ամեն ինչ գունեղ է, վառ ու պայծառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին նվիրված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Նոր չէ նաև մեր համագործակցությունը Աննա Մանասարյանի հետ: 2015թ. հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց լուսանկարչուհու «Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը: Աջակցելով այս տարվա նախագծին՝ փորձեցինք միանալ երեխաներին նվիրվող հեքիաթին՝ շատերի համար Երևան առաջին այցը դարձնելով իսկապես անմոռանալի և պարգևելով միայն ժպիտներ»,-նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
 «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ բարերարներ, որոնց աջակցությամբ էլ կիրականանան երեխաների մի շարք այլ երազանքներ:
 Ծրագիրը կամփոփվի այսօր Երազանքների պուրակում, ուր երեխաները կմասնակցեն օրվա տոնական միջոցառումներին:

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

Հունիսի 1-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում Երևանի մանկական զբոսայգում կայացել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվող ավանդական դարձած այս միջոցառման նպատակը առողջ ապրելակերպը երեխաների շրջանում նախադպրոցական տարիքից խթանելն է: Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջև կայացած նախնական փուլում հաղթած մանկապարտեզների մեկական թիմերը մասնակցել են եզրափակչին, որի ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից՝ զույգ ոտքերի հրումով, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։

Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։ Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի առիթով առաջին նվերներն ստացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց մայրերը: Մայրացած կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել ու նվերներ է փոխանցել աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Մայրերն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

«Երևանյան ամառ» եռամսյա ծրագիրը մեկնարկեց այսօր` հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
 Տոնական օրվա առթիվ Էրեբունի վարչական շրջանում տեղի ուենցավ ուրախ մանկական շոու ծրագիր, հայտնի հեքիաթի հերոսների և փոքրիկ Էրեբունցիների մասնակցությամբ:

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

 Հունիսմեկյան միջոցառումների շարքում Ազատության հրապարակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: Վաղ առավոտից հրապարակի ամբողջ տարածքում մանուկները կավճանկարչությամբ պատկերում էին իրենց գունագեղ երազանքները` անամպ, խաղաղ երկինք ու փայլող արև, նաև պետական խորհրդանիշեր, տարբեր պատկերներ մայրաքաղաքից:

 Երեխաների համար գունավոր կավիճների անսահմանափակ քանակ էր ապահովվել:
 «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակում կազմակերպվել էր նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ:

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

Ամռան սկիզբն ազդարարող հունիսի 1-ը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Կենտրոն վարչական շրջանում սկսվեց բարձր տրամադրությամբ:
Վարչական շրջանի 20-ից ավել բակերում կազմակերպվել էին ուրախ մանկական միջոցառումներ` զվարճալի ծաղրածուների, հեքիաթների և մուլտֆիլմերի բարի և սիրված հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները խաղացին խաղեր, երգեցին, պարեցին, իրենց ուժերը չափեցին սպորտային խաղերում:
Անակնկալ էր սպասվում նաև այս տարի մանկապարտեզներին հրաժշտ տվող սաներին` մանկապարտեզում անցկացրած վերջին օրերը ավելի հիշարժան ու տպավորիչ դարձնելու նպատակով նախադպրոցական խմբերի սաները հունիսի 1-ը անցկացրեցին Օղակաձև զբոսայգում։

Բոլոր լուսանկարներն` այս հղումով

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» միջոցառումների ծրագրով ««STR» ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ երեխաների պաշտպանության օրը Ազատության հրապարակում անցկացվել է մանկական էլեկտրամոբիլների «Փոքրիկ վարորդ 2016» 5-րդ առաջնությունը: 

 Առաջնությանը մասնակցել է 3- 6 տարեկան ավելի քան 100 երեխա:
Կախված շարժիչի հզորությունից` 80 մետր տարածությամբ վազքուղին երեխաները հաղթահարել են իրենց էլեկտրամոբիլներով: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով:

Բոլոր լուսանկարները դիտել այս հղումով

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երազանքի պուրակում» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել մանկական համերգային զվարճալի միջոցառում: Փոքրիկներին ու նրանց ծնողներին տոնական բարձր տրամադրություն են ապահովել սիրված երգիչներն ու հայտնի պարախմբերը: Կազմակերպվել են հետաքրքրաշարժ մրցույթներ, նաև հյուրասիրություն` օրվա հերոսների համար: 

Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել են նաև «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում գտնվող` ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ: Տոնական ծրագիրը կեզրափակվի մանկական դիսկոտեկով:

Բոլոր լուսանկարները դիտել այս հղումով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին