«Ինձ հետ կապված քրեական գործը նույն փուլում է։ Քննչական կոմիտեն հայտարարել է միջազգային հետախուզում, սակայն ինտերպոլը մեզ հետ կապված դադարեցրել է շփումները Հայաստանի իրավապահ մարմինների հետ, ինչն իր բնույթով եզակի դեպք է Հայաստանի հետախուզվողների համար:
Ինտերպոլը համարել է, որ մեզ ներկայացված մեղադրանքներն այդքան էլ մոտ չեն իրականությանը և մեր լեզվով ասած` ինտերպոլը գնացել է խորհրդատվական սենյակ վերջնական որոշում կայացնելու համար, այսինքն` հանի՞ հետախուզումը, թե՞ ոչ։
Իսկ նման պարագայում` 99,9% դեպքերում, տվյալ անձի նկատմամբ հետախուզումը դադարեցվում է»,- այս մասին Լուրեր. com-ի հետ զրույցում ասել է «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզմանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված ինտերպոլի նման դիրքորոշումը՝ Ղուկասյանը մանրամասնեց.
«Մենք ներկայացրել ենք բոլոր տեսակի հիմնավորումները, մեր գրությունները, տեսազանգերը, խոշտանգված անձանց քրեական գործերը, որոնք ինձ հետ բառ փոխանակվելու համար խոշտանգվել են Քննչական կոմիտեի ղեկավար կազմի ու անձամբ Արգիշտի Քյարամյանի կողմից:
Աբազյանի ԱԱԾ-ն էլ նրանց ճանաչել է տուժող, այսինքն, փաստերն էնքան կարկառուն են եղել, որ հնարավոր չի եղել գործը ջրել։ Սակայն, մինչև հիմա ավելի ծանր հանցագործության մեջ մեղադրվող Քյարամյանն անգամ չի ներկայացել նախաքննական մարմին իր իսկ տուժողների մոտ, որոնք ոչինչ չանելու համար գտնվում են բերդում, իսկ ինքը շարունակում է պաշտոնավարել։ Մարդը էլեկտրաշոկը վերցնի մտցնի մարդկանց ամորձու արանքը ու էլեկտրաշոկ տա ջուրը վրան լցրած ու դա ցույց է տվել անգամ «ՄՌՏ»-ն, որ հյուսվածքները տրոհված են, ինչը լինում է միայն հոսանքահարման ժամանակ, դա նաև դատաբժիշկն է հաստատում, այդքանից հետո ինտերպոլը, բնականաբար, բացասական որոշում պետք է կայացնի Հայաստանի իրավապահ մարմինների հետ կապված», - նշեց նա։
Ղուկասյանն ընդգծեց, որ ինքը գտնվում է հետախուզման մեջ Քյարամյանի տված հաղորդման հիման վրա, որը սկզբից մինչև վերջ աբսուրդ որակեց և նշեց, որ բոլորը պատասխան են տալու.
«Այն քննիչները, դատախազները, դատավորները, որոնք ստորագրել են այս քրեական գործերի տակ՝ թե՛ իմ, թե՛ մյուս տուժած երիտասարդների մասով, նրանք բոլորը լցվելու են բերդերը։ Ոչ մի պատճառաբանություն, թե «գիտեք ինչ, հրամանը վերևից էր եկած, դրա համար ստորագրեցի»՝ չի անցնելու», - եզրափակեց Վարդան Ղուկասյանը: