▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը պահելու համար կզիջեն Արցախը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: 

«Հասարակությունն, իհարկե, սա դժգոհությամբ ընդունեց, բայց պետք է նշեմ, որ սա նորություն չէ: 1994 թվականի Բիշքեկի զինադադարի համաձայնագրից հետո գործել է տարածքներ ինչ-որ մի բանի դիմաց սկզբունքը. տարածքներ կարգավիճակի, խաղաղության, իսկ վերջերս էլ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, երբ բանակցում էին, հասկանում էին, որ իրենց իշխանավարության օրոք նման հարցը գործնականորեն իրենց առջև չի ծառանա: Իսկ հիմա տարածքների հանձնման այս «չարագույժ ուղտը չոքել է» Սերժ Սարգսյանի դռանը, իսկ նա, գալով իշխանության, գիտեր, թե իրեն ինչ է սպասվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ «հանուն խաղաղության» արվող զիջումները սաստիկ պատերազմի կհանգեցնեն.

«Մեր ընտրությունը մեծ չէ.վատի ու ավելի վատի միջև է: Վատը ներկա վիճակն է,իսկ զիջումների դեպքում Արցախը կդառնա խոցելի, բնակավայրերը կհայտնվեն գնդակոծության ներքո: Հետևաբար, պետք է երկրի տնտեսական, քաղաքական վիճակը բարելավենք ու փորձենք դիմակայել»:

Արա Պապյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահները տարածքներ հանձնելու մասին այսօր ավելի շատ են խոսում, քանի որ ՀՀ իշխանությունները խոցելի վիճակում են, քան երբևէ.

«Առջևում  2017 թվականն է, խորհրդարանական ընտրություններ, ակնհայտ է, որ դրանք կրկին  կեղծվելու են, վիճակն ապակայունանալու է, իսկ ի՞նչ պետք է զիջեն իշխանությունը պահելու համար, իհարկե՝ Արցախը, որովհետև էլ ոչինչ չկա զիջելու.վաղուց զիջել ենք մեր տնտեսական շահերը, ինքնիշխանության զգալի մասը»,-նկատեց դիվանագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին