Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) իր տարած հաղթանակին
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Անցած երեք օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ շնորհավորել են ինձ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակի առթիվ: Միևնույն ժամանակ՝ մի շարք զանգվածային լրատվության միջոցներ դիմել են այս իրադարձությունը մեկնաբանելու խնդրանքով:
Այս պատճառով որոշեցի իմ երախտիքի խոսքը և մեկնաբանությունը զետեղել այստեղ:
Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցների ջերմ, սրտակից վերաբերմունքի և աջակցության համար: Դա ինձ ուժ ու կորով է տվել ինչպես բանտում, այնպես էլ ներկայումս` պարտավորեցնելով ավելի եռանդուն կերպով աշխատել հանուն մեր ընդհանուր նպատակների իրականացման:
Արդարության վերականգնման այս հանգրվանին հասնելու հարցում էական է իմ պաշտպանների դերը: Փաստաբաններ Վահե Գրիգորյանը և Արա Զաքարյանը իրենց մասնագիտական կարողությունները անշահախնդիր կերպով ներդրեցին գործի քննության ներպետական փուլում, իսկ այնուհետև Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ-ում հասավ հաղթանակի: Ուստի ինձ իրավունք եմ վերապահում նաև իմ բոլոր աջակիցների անունից թե՛ շնորհավորել նրանց և թե՛ շնորհակալություն հայտնել նրանց:
Արդարությունը հաստատվում է հատուցմամբ, ուստի մենք շարունակելու ենք պայքարը և հետամուտ ենք լինելու, որ քաղաքական պատվերով մարդու իրավունքները խախտող բոլոր օղակների պաշտոնյաները խստագույնս պատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար: Դրանով մենք ոչ միայն կվերականգնենք արդարությունը, այլև պաշտոնյաների անհատական պատասխանատվության նախադեպ ստեղծելով` նրանց մեջ կխարխլենք անպատժելիության զգացումը: Յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իմանա, որ իր կատարած ապօրինության համար զրկվելու է ոչ միայն իրեն շնորհված պաշտոնից, այլև հատուցելու է իր գույքով և անգամ ազատությամբ: Այս պայքարը նաև դառնալու է վաղվա Հայաստանը կերտելու մեր ծրագրի բաղկացուցիչ մասը, քանի որ նպաստելու է այդ ծրագրի իրականացման առաջնային խոչընդոտի` քրեաօլիգարխիկ համակարգի խարխլմանն ու ապամոնտաժմանը:
Միևնույն ժամանակ, մենք չենք կարող բավարարվել ընդամենը այս կամ այն սայլի կցորդի կարգավիճակով օրինապահ ու բարեկեցիկ «շարքային» պետություն ստեղծելու հեռանկարով: Մենք ոչ միայն պետք է պարզապես վերատիրանանք կորցրած երկրին ու այնտեղ հավաքենք աշխարհասփյուռ հայությանը, այլև մեր այդ երկրում վերակերտենք հզոր ու արդար հայրենի տերություն: Նման առաջադրանք կարող է կատարել միայն այն ժողովուրդը, որի ծրագիրը երազանք է, այլ ոչ` հերթական միջոցառումների շարք: Պատահական չէ, որ արտաքին և ներքին բոլոր թշնամիների գլխավոր նպատակը մեզ երազելու ունակությունից ու երազանքից զրկելն է: Ուրեմն` ստեղծենք Երազի Հայրենիք:
Լինենք համախումբ ու միաբան, մտածենք ոչ թե առօրյա կյանքի ճղճիմ չափանիշներով, այլ Հավերժի հեռանկարի` երազը որպես ապագա իրականություն տեսնելու համընդգրկուն հայացքով: Գործենք ոչ թե հանապազօրյա հացի, այլ ազգի և մարդկության կյանքում հետք ու ձեռագիր թողնելու համար: Լինենք օրինակելիության աստիճանի արդար ու օրինապահ: Ամեն հարցում որպես առանցք տեսնենք Հայաստանը, մասնավորապես` վաղվա Հայաստանում բացառելով նաև նրա արդարադատության համակարգի ակտերը որևէ վերպետական դատարանի վերանայման առարկա դարձնելու հանգամանքը:
Եվ այս ամենն անելուց` մշտապես որպես փարոս ունենանք Երազի Հայրենիքը: Ու Երազն Իրականություն կդառնա»: