Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որը հրաժարական էր տվել, ֆեյսբուքյան իր էջի միջոցով նշել է իր հրաժարականի պատճառները:
«Հարգելի՛ կապանցիներ
Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:
Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...
Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին»,- գրել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չի տվել խոսել։ Իրավիճակը լարվել է, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարցէ բարձրաձայնլ ու մեղադրանքներ է հնչեցրել նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:

Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձել է խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չեն տվել նրան խոսել:
«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչել են քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորել է հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքել է Կապանի հրապարակը:

Ենթադրվում է, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը կապված է երեկվա միջադեպի հետ:
Կարդացեք նաև` Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լարված մթնոլորտ Կապանում` հանդիպման ժամանակ. Փաշինյանը հեռացել է հրապարակից


