▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծրատիպ է, որ 22-ում հնարավոր չէ հասնել այն ամենին, ինչին հասել եմ. Նիկոլ Փաշինյանի սահմանած նշաձողի հետքերով

«3 տարի է, ինչ աշխատում եմ Develandoo  IT ընկերությունում, համատեղության կարգով սովորում եմ Գյումրիի մասնաճյուղի Պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում, տիրապետում եմ 3 լեզվի»,- Asekose.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց 22-ամյա Անի Դարբինյանը:

 

Վերջինիս խոսքով՝ աշխատանքի բերումով ուսումը ստացիոնարից փոխել է հեռակա:

«Ուսումս համատեղում եմ աշխատանքիս հետ: 3-րդ տարին է, ինչ աշխատում եմ Develandoo-ում և իմ մասնագիտական աճը գրանցում եմ հենց այստեղ: Ինձ հնարավորություն են տվել 3 ամսում դրսևորել իմ կարողությունները, հետո ստացել եմ աշխատանքի հրավեր: 3 ամիս սովորել եմ և 1 ամիս փորձաշրջան եմ անցել, այնուհետև տեղի մասնագետների գնահատականով՝ անցել աշխատանքի: Վստահեցնում եմ, որ ես առաջին ու վերջին մարդը չեմ, ով  ստացել է այդ հնարավորությունը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Անիի խոսքով՝  աշխատանքն ու ուսումը համատեղելն իր բարդություններն ունի, սակայն մեծ ջանքերի արդյունքում դրանցից և ոչ մեկը չի տուժում:

«Կարող եմ ասել, որ ինձ համար պակաս դժվար չէ, քան ուսումն ու աշխատանքը համատեղող  մյուս մարդկանց համար, քանի որ ես դրանք համատեղում եմ քաղաքների հեռավորության վրա: Հաճախում եմ դասերին, մասնակցում եմ բոլոր քննություններին, աշխատաnքիս վայրից էլ, բնականաբար, կա փոխզիջում, քանի որ որոշ օրեր աշխատանքի մասնակցում եմ մասնակի ժամերով: Ինձ համար երկուսն էլ կարևոր են, չեմ կարող առանձնացնել, մեկը մյուսի հետ փոխկապակցված են:  

21-րդ դարում լեզվի չիմացությունը մարդկանց բազում խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, սակայն Անիին դա հաստատ չի սպառնում:

«Տիրապետում եմ հայերենին, ռուսերենին և անգլերենին, ընդ որում՝ ռուսերենին տիրապետում եմ հայերենին հավասարազոր, իսկ անգլերենը շարունակում եմ դեռ  զարգացնել, որպեսզի վերջնականապես ամրապնդեմ լեզվի իմացությունս: Նշեմ նաև, որ ուզում եմ 4-րդ լեզու սովորել՝ իսպաներեն կամ իտալերեն»:

 

 

Անին դեռ շատ ծրագրեր ունի, քանի որ կարծում է, որ կատարելագործվելու տեղ մարդ միշտ էլ ունի :

«Հնարավոր է, որ ուսումս շարունակեմ արտերկրում, եթե, իհարկե, ունենամ լավ տարբերակ: Մասնագիտական մեծ աճ ունենալու ցանկություն ունեմ, ուզում եմ տեսնել, թե Եվրոպայում ինչպես է ընթանում մեր աշխատանքը, քանի որ բոլորս էլ գիտենք, որ IT ոլորտը շատ մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Ցանկություն ունեմ ուժերս փորձելու նաև դրսում, այս պահին ձգտում եմ դրան»:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ կյանքում անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն և ձգտում:

«Ես սկսել եմ աշխատել 18 տարեկանից և կարծում եմ, որ բացառություն չեմ, այսինքն՝ ցանկացած ոք, ով ունի առաջ գնալու ցանկություն և ձգտում, կարող է հասնել այդ արդյունքին, 22 տարեկանում հասնել այն  սանդղակին, որին ես եմ հասել: Մարդկանց մեջ պարզապես կարծրատիպ է ամրացած, որ 22 տարեկանում հնարավոր չէ հասնել այս ամենին: Ցավոք, մեր հայ աղջիկների մեջ կա  այդ կարծրատիպը՝  դպրոց, համալսարան, ամուսնություն: Կցանկանամ, որ այդ մտածելակերպը փոխվի, որ աղջիկներն էլ ձգտեն աշխատել, չսահմանափակեն միայն դիպլոմով,  քանի որ ամենալավ բանն է, երբ այդ տարիքում մարդը իր 2 ոտքերով ամուր կանգնած է հողի վրա: Դրանից լավ գնահատական մարդ իր համար չի կարող գտնել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Անի Դարբինյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ 22 տարեկանում պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ և երեք լեզուների իմացություն, նշել էր.

«Առաջին հայացքից կարող է թվալ, որ իսկականից աբսուրդ է, բայց եթե նայում ենք ժամանակակից չափանիշների տրամաբանությունից, մեր խնդիրը պետք է հենց դա լինի, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք ժամկետային զինվորական ծառայություն չեն անցնում, 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա և երեք տարվա մասնագիտական ստաժ ունենա»:

Կարդացեք նաև՝ Չի կարող կրթություն ունեցող մարդը որևէ ոլորտում աշխատանք չգտնել. եթե չի կարող գտնել, ապա՝ կարող է ստեղծել. Փաշինյան

Հեղինակ՝ Լ. Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին