▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Кавказ-Online»-ի արծարծած «փաստերը» օդից վերցրած հայտարարություններ են. Քաղաքագետ

«Кавказ-Online»-ի այսօրվա հրապարակումներից մեկը որոշակի անհանգստություն է առաջացրել  ընթերցողների շրջանում:  Ռոման Ագարունովի հեղինակած հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանյան քաղաքական շրջանակներում իբր խոսակցություններ են շրջանառվում Հայաստանի` Ռուսաստանի Դաշնության  կազմի մեջ ներգրավվելու հավանականության մասին: Ըստ հոդվածագրի`աղբյուրը, որը բնականաբար չի ցանկացել ներկայանալ, իբր նշել է, որ պաշտոնական Մոսկվան մտադիր է ավելի ակտիվ ու գործնական քայլեր մշակել` կապված  հետխորհրդային երկրների հետ: Իսկ որոշ` կրկին անհայտ աղբյուրներ նշում են, որ իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Հոդվածագիրը մասնավորպես շեշտում է. «Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Սերժ Սարգսյանին վերընտրվել, նա պարտավոր է արդարացնել նրա բարձր վստահույթունը: Այդ իսկ պատճառով վերընտրվելուց հետո առաջին այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատել է իր համաձայնությունը և անգամ այդ ուղղությամբ ծրագրեր են մշակվել: Որոշում է կայացվել միավորման ծրագիրը գաղտնի ռեժիմով իրակաբացնել, Հայաստաբնում բողոքի հնարավոր ալիքը կասեցնելու նպատակով»: Խնդրի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ- Մելիք Շահնազարյանի հետ:

Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով են առհասարակ գրվում և տարածվում նման բովանդակություն  ունեցող հոդվածները, որոնք կարող են անհանգստություն, ինչու ոչ` նույնիսկ խուճապ առաջացնել, քաղաքագետը  մասնավորապես ասել է.

 «Անհանգստանալու որևէ պատճառ չկա: Ինքս ծանոթացա այդ հոդվածին: Այնտեղ արտահայտվածը կատարյալ անիմաստ բառակույտ է, որը լուրջ ընդունել,  ավելին` մեկնաբանել  պարզապես հնարավոր չէ: Ակնհայտ է, որ հեղինակը տեղյակ չէ տարածաշրջանի զարգացումներից, ինչպես նաև Ռուսաստանի շահերից, թե արդյո՞ք պատրաստակամ է Ռուսաստանն ավելի մեծ պատասխանատվություն կրել տարածաշրջանում, քան այսօր նա ունի օրինակ` խաղաղության պահպանման հարցում: Ակնհայտ է, որ նյութը պարզապես պրովոկացիոն  բնույթ ունի»:

Մեր դիտարկմանը, թե հեղինակը հիմնվում է հատկապես այն փաստի վրա, որ ՌԴ կատարած այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր` թե այցը հատուկ նշանակություն ուներ, քաղաքագետը պատասխանել է.

 «Բնականաբար, հատուկ նշանակություն ուներ, քանի որ նախագահը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն էր կատարում: Եվ հարցերը  որոնք քննարկվել են այդ այցի շրջանականերում, բոլորին հայտնի են. տնտեսական, ռազմական ու նաև  քաղաքական համագործակցության խորացում: Հեղինակը հիմնվում է անհայտ աղբյուրների վրա:Ակնհայտ է, որ սա պրովոկացիոն բնույթ ունի և չի բացառվում  նաև,  որ ֆինանսավորված լինի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Ամեն դեպքում` շատ թույլ մտածված է, և չեմ կարծում, որ այս թեզը երկար կյանք կունենա տեղեկատվական դաշտում»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին