Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված՝ Իտալիայի քաղաքացին վերջին մեկ շաբաթա ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է ընկերություններից մեկի գրասենյակի շինարարական աշխատանքներին։
Այս մասին news.am-ին հայտնել է կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:
«Նա ունեցել է սահմանափակ մուտք Թումոյի շենքի վեցերորդ հարկ, որտեղ տեղի են ունեցել շինարարական աշխատանքները։ Նա մտել է ներս աշխատանքային մուտքից, ունեցել է սահմանափակ շփում միայն շինարարական խմբի հետ, շփում չի ունեցել ոչ մեր վարձակալ գործընկերների, ոչ մեր անձնակազմի, ոչ երեխաների հետ»,– ասել է նա։
Զառա Բուդաղյանը նշել է, որ ամեն օր ախտահանում են շենքի տարածքը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն


