▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին մնացինք բարերարների հույսին

Գրեթե մեկ ամիս առաջ անդրադարձել էինք X դարում հիմնադրված Ախթալայի վանական համալիրին, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում: Այն աշխարհի հանրագիտարաններում գրանցված է որպես ամենահին և ամենաշատ պահպանված որմնանկարներ ունեցող կառույց: Որմնանկարները երբեք չեն ենթարկվել վերականգնման (ռեստավրացիայի), իսկ այսօր ունեն դրա կարիքը: Պահանջվող գումարը մոտ 263 միլիոն դրամ է: Վերանորոգման կարիք ունի նաև գմբեթը:

ՀՀ Մշակույթի նախարարությունից հետաքրվեցինք՝ արդյո՞ք քայլեր ձեռնարկելու են այս ուղղությամբ, պատասխանեցին.

«Հուշարձանն օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի N 616 որոշմամբ անհատույց, անժամկետ և օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 9-րդ գլխի 42-րդ հոդվածի բ) ենթակետի՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումն իրականացվում է սեփականատերերի և օգտագործողների միջոցներով:

2012 թ. մասնավոր ներդրող՝ «Պատմամշակութային արժեքների վերածնունդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով և օգտագործողի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվերով, կազմվել են Ախթալա վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք ներկայացվել են լիազոր մարմնին: Նախարարության 2012 թ. հուլիսի 13-ին կայացած N 6 գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են ներկայացված փաստաթղթերը և արժանացել դրական եզրակացության»:

Փորձեցինք տեղեկանալ, թե այս խնդրի մասին ի՞նչ են մտածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սկզբում խորհուրդ տվեցին դիմել վանքի քահանային, ապա խոստացան ճշտել՝ հարցը բարձրացվա՞ծ է, թե՝ ոչ, և առաջնահերթությունների ցանկում ի՞նչ տեղ է գրավում: Դեռ չեն ճշտել:

Եվ մինչ պատկան մարմինները ճշտում ու չեն ճշտում, տեղեկացանք, որ ավարտվել են Ախթալայի Ս. Աստվածածին վանքի դամբարանի և հյուսիսային կողմի դռների տեղադրման աշխատանքները՝ Ախթալայի բնակիչներից մեկի օժանդակությամբ: 

Ստացվում է՝  հույսներս կրկին բարերարներն են:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին