«Այբ» կրթահամալիրում Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանից հայ երիտասարդները հետաքրքրվել են, թե ի՞նչ է մտածում հայրենասիրության մասին, հպարտանո՞ւմ է արդյոք երբ «յան»-ով ավարտվող հայերի հաջողությունների մասին է տեղեկանում։
Անդրադառնալով հայկական ազգանունով հայտնի անձանց, Ջանիբեկյանը, մասնավորապես, ասել է. «Գիտեք, ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող հայտնի մարդկանցով։ Հենրիխ Մխիթարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ուրախությանս չափ չկա, առանձնապես ֆուտբոլասեր էլ չեմ, բայց հասկանում եմ, որ մեծագույն մարդ է։ Բայց եկեք ուրիշ բան ասեմ, որը կարծում եմ կհետաքրքրի. եկեք պաթետիկան վերացնենք իմ ասածից, և Մխիթարյանը, և Մարտիրոսյանը, և Ջանիբեկյանը, և Արոնյանը և մյուսները ձեզանից ոչ մի բանով ավել չեն։ Էդ շատ կարևոր է, որ հասկանաք։ Նրանց մեջ հերոս չկա, որովհետև նրանցից ամեն մեկը էդ ամենն արել է իր համար և որպես սիներգետիկ էֆեկտ, դուք էլ եք օգտվում։ Այ, եկեք ուշադրություն դարձնենք էն մարդկանց վրա, ոքվեր ամեն ինչ անում են ձեր համար ու որպես սիներգետիկ էֆեկտ, իրենք են օգտվում դրանից. դրանք մեր զինվորներն են։ Շատ մեծ տարբերություն կա»։