▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիդիանի նախկին աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության

Այսօր ասուլիս էին հրավիրել Լիդիան Արմենիայի նախկին աշխատակիցների նախաձեռնող խումբը՝ Լիանա Հովսեփյանն ու Արթուր Հովսեփյանը, եւ Լիդիանի նախկին աշխատակիցների շահերի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Մելքումյանը։  Լիդիան Արմենիայի նախկին աշխատակիցների խումբը այս տարվա փետրվարին հայց է ներկայացրել  ընդդեմ ՀՀ ոստիկանության, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։ Խոսքը մասնավորապես Ամուլսարի ճանապարհների երկու տարի շարունակվող ապօրինի շրջափակման մասին է, որն ուղեկցվում է ոստիկանության անգործությամբ։

 Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբան Արմեն Մելքումյանը խոսեց այն մասին, որ մոտ 300  նախկին աշխատակից միանալու են հայցին։ Հայցվորները դատարանից պահանջելու են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։ Նրանք ակնկալում են օրենքի վերակագնում։ Դրական վճռի դեպքում, պահանջելու են իրենց կորսված աշխատավարձի փոխհատուցում պետությունից, քանի որ ոստիկանության անգործության հետեւանքով է, որ նրանք կորցրել են իրենց աշխատանքը։ Ըստ փաստաբանի, հայցվորները կարող են պահանջել նաեւ իրենց ակնկալիք 10 տարվա աշխատավարձը ու հաշվի առնելով, որ Լիդիանի աշխատակիցները հիմնականում բարձրակարգ մասնագետներ էին՝ ինժեներ, երկրաբան, ֆինանսիստ, ստացել են բարձր աշխատավարձ։ 300 հոգու 10  տարվա աշխատավարձը հանրագումարում կարող է կազմել մինչեւ 30 միլիոն դոլար։ Եթե Հայաստանյան դատական ատյաններում հայցը չբավարարվի, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 «Աշխարհում չկա մի զարգացած կամ զարգացող երկիր, որտեղ օրինական ներդրողի տարածքը 2 տարի ապօրինի փակ լինի ու   պատկան մարմինները ոչինչ չանեն այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ամուլսարի տարածքում ո'չ ոստիկանություն կա, ո'չ էլ պետություն», ասել է Արմեն Մելքումյանը։

 Լիդիանի նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երկու օր առաջ Ամուլսարի տարածքում ճանապարհ փակողները բախումներ են հրահրել, իսկ Վայոց Ձորի մարզային ոստիկանության պետ Գեւորգ Ազիզյանը, օրենքը վերականգնելու փոխարեն սատարել է ճանապարհ փակողներին։

 «Ոստիկանապետն ասում է ճանապարհ փակողներին, 'առաջին օրվանից կագնած եմ ձեր կողքին', ինչ է դա նշանակում, որ կառավարությունը սատարո՞ւմ է այս ապօրինությանը»։  «Մենք աշխատելու օրինական իրավունք ունենք, ոչ ոք Լիդիանի լիցենզիաները չի չեղարկել, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ պետությունը, կառավարությունը, ոստիկանությունը ոչինչ չեն անում օրենքը վերականգնելու համար»։

 Լիդիանի նախկին աշխատակից Արթուր Հովսեփյանի պնդմամբ, ինքը երկար տարիներ աշխատել է Ամուլսարի ծրագրում, ճանաչում է համայնքի բոլոր բնակիչներին եւ վստահ է, որ ճանապարհ փակողները շատ փոքր խումբ են, իսկ համայնքների մեծ մասը կողմ է հանքի շահագործմանը։

  «Ես Լիդիանում աշխատելով միլիոնավոր դրամների հարկ եմ վճարել, դրանից առաջ բանակում եմ ծառայել, իրական պոստերում եմ կանգնել, ոչ թե Ամուլսարի։ Լիդիանը խոշոր հարկատու էր, մենք ենք աշխատում, երկիր փող բերում, հիմա ով ա հայրենասերը, մենք, թե իրե՞նք»։ «Քաղաքական կշիռ չունեցող ինչ- որ կազմակերպություններ, Սասնա Ծռեր, կամ նման կազմակերպություններ, հանդես են գալիս իբր հայրենասիրական դիրքերից, բայց հենց նրանց նմանները 90-ականներին փակեցին Նաիրիտը ու Ատոմակայնը»

 Մեկ ամիս առաջ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները մոտ 1200 ստորագրություն էին հանձնել վարչապետին, կոչ անելով վերակագնել Ամուլսարի աշխատանքները, բացել ճանապարհները։ Արդյո՞ք որեւէ կերպ արձագանք եղավ։

 Լիանա Հովսեփյանի խոսքով, ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն համայնքերում Ամուլսարի նախկին աշխատակիցները, այլեւ հարյուրավոր մարդիկ, ովքեր կողմ են հանքի շահագործմանը։

 «Ոչ մի արձագանք չեղավ։ Մեզ համար զարմանալի է կառավարության այս լռությունը։ Տպավորություն է, որ Ամուլսարը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածում չէ։ Այսօր գործում են երկակի ստանդարտներ, երբ ոստիկանությունը այլ պարագաներում ուժ է կիրառում, իսկ Ամուլսարում ճանապարհ փակողների դեպքում աջակցում է ապօրինություն իրականացնողներին»։

 Լիդիանի մի քանի հարյուր նախկին աշխատակիցները իրենց պայքարում պատրաստակամ են գնալ մինչեւ վերջ եւ խնդրի լուծում չստանալու դեպքում իրենց ոտնահարված իրավունքները վերակագնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջելով տարիների կորսված աշխատավարձի փոխհատուցում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին