Մարտի 11-ին, ութսունվեց տարեկան հասակում մահացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանը:
Միքայել Մկրտչի Մինասյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Գյումրի քաղաքում: Շուրջ տասը մենագրությունների, յոթանասուն գիտական հոդվածների և քաղաքագիտական թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ «Քաղաքական գործունեություն և անհատ», «Քաղաքական լիդեր», «Քաղաքական էլիտա», «Ժամանակը, մարդը և նրա գործը», «Քաղաքական կուլտուրա» և այլն: Պրոֆեսոր Մինասյանը շուրջ քսան տարի վարել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը, քսանից ավելի տարի մասնակցել է Երևանի գիտության, բարձրագույն և միջնակարգ կրթության ղեկավարմանը:
Տասը տարի ղեկավարել է մայրաքաղաքի գիտական և արդյունաբերական կենտրոն հանդիսացող 26 կոմիսարների անվան շրջանը: 1949-50թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և տնտեսագիտության ֆակուլտետները: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ակտիվ գործունեություն է իրականացրել կուսակցական, հասարակական, քաղաքական աշխատանքներում, զբաղվել՝ գիտամանկավարժական գործունեությամբ: Տևական ժամանակ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեում ղեկավարել և համակարգել է գիտության, կրթության, մշակույթի բնագավառների հիմնարկների աշխատանքը:
Անվանի գիտնականի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել մարտի 12-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը կկայանա մարտի 13-ին, ժամը 12:00-ից 14:00-ին, նույն վայրում:
Միքայել Մինասյանը օրերս Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Միքայել Մինասյանի պապն է:
Մահացել է անվանի գիտնական Միքայել Մինասյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet