▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիկոն Խոջոյանի գործով ՄԻԵԴ դիմելու հայցը պատրաստման փուլում է. Լարիսա Ալավերդյան

Գրեթե մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն՝ ՀԿ նախագահ,  ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ  պատրաստվում է ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի գործով հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը հատել էր  հայ-ադրբեջանական սահմանը, գերեվարվել Ադրբեջանում, ապա մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո  վերադարձվել հայկական կողմին՝  առողջական լուրջ խնդիրներով:

 Մամիկոն Խոջոյանը միայն այսօր է դուրս գրվել հիվանդանոցից:

Վերադարձից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես արձանագրել էր, որ Մամիկոն Խոջոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Առաջին իսկ օրը հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ կան՝ այդ թվում՝ հրազենային վնասվածք:  Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:

ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե որ փուլում է գործընթացը և երբ կներկայացվի հայցը ՄԻԵԴ:

Մեզ հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հայցը պատրաստվում է, գործընթացն իր բնական հունով է ընթանում:

«Ինչպես ես ասել էի՝ 2 շաբաթվա ընթացքում պետք է ավարտվեր առաջին փուլը. ստանայինք համաձայնություն և պայմանավորվածություն  ձեռք բերեինք մեր քննչական և այլ մարմինների հետ, որովհետև մեզ անհրաժեշտ են բոլոր նյութերը, որոնք պետք է դատական գործընթաց անցնեն այստեղ: Այդ բոոլոր քայլերն արված են»,- նշեց մեր զրուցակիցը, ապա հավելեց.

«Մամիկոն Խոջոյանը կազդուրվում է: Համաձայն է, որ իր շահերը ներկայացնեն իր դուստրերն ու որդին: Երբ ստանանք  առաջին նյութերը, անցնելու ենք հաջորդ փուլին: Մենք աշխատելու ենք և հորդորելու ենք, որ դատական գործընթացն այստեղ  արագ անցնի, որպեսզի արդյունքները ներկայացնենք ՄԻԵԴ, ունենանք փաստեր,  որ գործն այստեղ դատական ճանապարհ է անցել:  Իհարկե,  հասկանալի է, թե ինչ պատճառներով մեղադրվող կողմը չի կարող հանդես գալ: Այսպիսով՝  գործընթացը բնականոն հունի մեջ է»:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին՝ Լարիսա Ալավերդյանի խոսքով.

«Ակնկալիքները շատ ռեալ են ու դրական: ՄԻԵԴ-ի նախադեպային գործերը միշտ  ավարտվում են հստակ ձևավորված պահանջներով: Նախնական որոշումները հոգուտ տուժածների են:

Հասմիկ Գյոզալյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին