lragir.am-ը գրում է. Մայիսի 17-ին գեներալ Մանվելի եւ նրա շքախմբի ղարաբաղյան պահվածքի վերաբերյալ ծավալված աղմկոտ թեմային է անդրադարձել ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը: Վարդանյանը բնականաբար հերոսացրել է Մանվել Գրիգորյանին, ներկայացնելով, թե նա ինչ մեծ ավանդ է ունեցել քառօրյա պատերազմում, որն առանց նրա, ըստ ԵՏՄ խոսնակի, չէր դադարի:
Փաստորեն, փառապանծ գեներալը եւս մաս է կազմում մարդկանց այն շրջանակի, որոնք պատերազմը դադարեցրել են այն պայմաններում, երբ հայկական զինուժը պատրաստ էր վերականգնել անգամ 800 հա տարածքային կորուստը, որի մասին մայիսի 17-ին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանը: Բայց, բնական է, որ Երկրապահի խոսնակը պետք է բոլոր ժամանակների գեներալ ճանաչի Մանվել Գրիգորյանին, դա նորմալ է, այլապես այդ մարդը չէր կարող լինել ԵԿՄ խոսնակ:
Նորմալ չէ նրա մի հայտարարությունը այն մասին, որ գեներալն է որոշում, թե երբ եւ որտեղ լինի. «Ուրեմն, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը միշտ այնտեղ է, որտեղ ինքը ճիշտ է համարում, որտեղ պահանջում է հայ ազգի շահը: Աշխարհում չկա մարդ, որ որոշի՝ գեներալը որտեղ լինի:
Հադրութի ժողովուրդը 1989-94 թթ.տեսել է, որ եթե այդտեղ կանգնած է Մանվել Գրիգորյանն, ուրեմն, անվտանգ է»: Մի կողմ թողնենք այն, թե ինչ է տեսել եւ հիշում Հադրութի ժողովուրդը Մանվել Գրիգորյանից: Հադրութի ժողովրդի մեջ կան շատերը, որոնք կարող են այդ հիշողություններն ամենից լավ ներկայացնել: ԵԿՄ խոսնակի հայտարարության մեջ կա շատ ավելի կարեւոր մի դետալ:
Փատորեն, Մանվել Գրիգորյանը Հայաստանում մի գեներալ է, որը ենթակա չէ Սերժ Սարգսյանին, որն էլ Գերագույն գլխավոր հրամանատարն է:
Բանն այն է, որ նորմալ երկրներում գեներալները պատերազմի ժամանակ իրենք չեն որոշում, թե որտեղ լինեն եւ երբ: Դա որոշում են ԶՈՒ շտաբի պետերը, կամ պաշտպանության նախարարները, իսկ պատերազմական վիճակում՝ Գերագույն գլխավոր հրամանատարները: Նորմալ, իրական, պետական կարգի պայմաններում պետք է «աշխարհում լինի մարդ», որը որեւէ գեներալի կասի, թե որտեղ է պետք լինել, կամ այլ կերպ ասած ցույց կտա իր տեղը պատերազմում: Եթե իհարկե տվյալ երկրում այլեւս ռազմական հեղաշրջում չէ, եւ իշխանության չի եկել գեներալների խունտա:
Հիմա, Հայաստանում կա՞ այդ մարդը, որ գեներալին՝ լինի Մանվել Գրիգորյանը, թե այլ գեներալ, կասի, ցույց կտա իր տեղը, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանը հրաժարակա՞ն է տվել գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից, թե՞ Մանվել Գրիգորյանը այլեւս չի ճանաչում նրան, կամ չի ճանաչել երբեք՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար: Համենայն դեպս, ԵԿՄ խոսնակն անում է բավական պատասխանատու հայտարարություն: Հասկանալի է գեներալին, սեփական ղեկավարին քննադատությունից պաշտպանելու նրա մեծ մղումը, բայց այդ մղումը բերում է հայտարարությունների, որոնք ուղղակիորեն կասկածի տակ են առնում Հայաստանում պետական կարգի գոյությունը:
Իսկ սա արդեն լրջագույն խնդիր է պետության համար:
Եվ այստեղ արդեն հարցը Մանվելը չէ:
Մանվելն է այդ գեներալը, թե որեւէ մեկը, եթե պետությունում կա գեներալ, որը ենթակա չէ որեւէ մեկին եւ չկա մարդ, որը այդ գեներալին ցույց կտա իր տեղը, դա նշանակում է այդ պետությունում անիշխանություն է, կամ երկիշխանություն: Ընդ որում, հենց այստեղ է առաջացած ամբողջ պատմության բուն խնդիրը, որը մի շարք շրջանակներ՝ լրագրողներ, հրապարակախոսներ, պատգամավորներ եւ խոսնակներ, նենգափոխում են կամ գիտակցաբար, կամ ակամա՝ պետության մասին աղավաղված պատկերացումների հետեւանքով: Տվյալ դեպքում խնդիրը գեներալ Մանվելի կենսագրությունը չէ: Ինչպիսին է դա, այլ հարց է: Խնդիրն ընդհանրապես պետական կարգի կենսագործունեությունն է առավել եւս պատերազմի ընթացքում, երբ ոչ թե որեւէ գեներալ ինքն է որոշում որտեղ լինի, երբ, ինչպես շրջի, այլ որոշում է պետական կարգը՝ տվյալ դեպքում բանակային կարգը: Ըստ այդմ, առաջանում են պարզ հարցեր՝ ով, ինչ սկզբունքով, տրամաբանությամբ, ինչ հրամանով եւ ինչ կարգավիճակով է գեներալ Մանվելին գործուղել Արցախ, որոշել նրա տեղակայման վայրը, գորոծունեության շրջանակն ու լիազորությունները: Հանում ենք այստեղ Մանվել անունը, թողնում ենք երեւույթը: Առավել եւս պատերազմի ժամանակ ռազմա-քաղաքական հիերարխիան պետք է գործի չափազանց հստակ: Պատերազմի ժամանակ անվտանգության, հաղթանակի առաջնային գրավականն այն է, թե ինչպես է գործում պետական կարգը: Ըստ այդմ, վտանգ է այդ կարգի բացահայտ խախտումը, ոչ թե խախտող անձանց հանդեպ հանրային քննադատություն, որից նրանց փորձում են պաշտպանել «պատերազմին» արվող նենգափոխված հղումներով: Եթե որեւէ մեկն ունի անգամ հերոսական անցյալ, ապա դա նրան չի ազատում բանակային եւ պետական կարգին հստակ եւ միարժեք ենթակայությունից: Որեւէ մեկի հերոսական անցյալը նրան չի շնորհում չգրված արտոնություններ թե պատերազմի, թե խաղաղության շրջանում: Օրենքի, պետական կարգի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Եվ առավել եւս հերոսները, որովհետեւ նրանք հանրային օրինակներ են, եւ իրական հերոսությունը չի կարող զուրկ լինել բացառիկ օրինապաշտության բաղադրիչից:
ԵԿՄ խոսնակի հայտարարությունը փաստացի հայտարարություն է այն մասին, որ Հայաստանում չկա Գերագույն գլխավոր հրամանատար:
Հետաքրքիր է, իսկ գեներալը կարո՞ղ է Սերժ Սարգսյանին ասել, թե նա որտեղ լինի եւ երբ: Թե՞ այդ հարցում գեներալն ու Սերժ Սարգսյանը ունեն փոխզիջումային պարտավորություն, որ չեն միջամտում միմյանց գեոլոկացիայի գործերին:
Ի դեպ, հետաքրքրական է նաեւ, թե արդյոք այդօրինակ հարցազրույցը պլանավորված կերպով է ներդաշնակեցվել Վիեննայից Սերժ Սարգսյանի վերադարձի հետ: Օդանավում Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ դրության լիակատար տերն է, բայց Երկրապահը «ցամաքում» նրան փաստորեն ցույց է տալիս այլ բան, օդից իջեցնելով գետին:
Հեղինակ` Հակոբ Բադալյան