▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարաթուկ»-ը վաճառում է ավիատոմսեր` դեռևս չգործող ուղղությամբ. Անբարեխիղճ գովազդ, թե խաբեություն

Փաստինֆոն գրում է. Գովազդվում է մի բան, մատուցվում բոլորովին այլ: Նման դեպքեր Հայաստանում, ցավոք, քիչ չեն:
 
Օրինակ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից մեզ հայտնեցին,որ այս պահի դրությամբ որեւէ ընկերություն օրինակ դեռեւս չունի Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն։ Մինչդեռ, «Փաստինֆո»-ի դիտարկումներով, արդեն իսկ կան ընկերություններ, որոնք վաճառքի են հանել նման ուղեգրեր։
Մի շարք քաղաքացիներ  արդեն «Մարաթուկ» տուրիստական գործակալությունում տուրիստական փաթեթներ են պատվիրել, ավիատոմսեր գնել Հունաստանի Կրետե կղզում իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար, մինչդեռ պարզվում է, որ նման չվերթ գոնե այս պահին գոյություն չունի: Այսինքն` «Մարաթուկը» վաճառել է ավիատոմսեր` դեռևս չգործող ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացրեցին, «Մարաթուկ» ընկերությունն ուրբաթ օրը, ապրիլի 3-ին է դիմել Երևան-Կրետե-Երևան ոչ կանոնավոր չվերթի իրավունք ստանալու հայտով, մինչդեռ «Մարաթուկի» գրասենյակում այդ չվերթի ավիատոմսերն արդեն վաճառվում են:
 
Դեպի Կրետե կղզի ուղևորության մասին «Մարաթուկը» նաև գովազդ է տարածել, որն արդեն բավական ժամանակ է, ինչ հայաստանցիներին առաջարկում է օգտվել այդ գոյություն չունեցող ծառայությունից:
 
Այս ընկերությունը ամառային ծովափնյա հանգստի տուրիստական փաթեթներ է վաճառում դեպի Հունաստանի Կրետե կղզի: Ընդ որում, փաթեթը ներառում է 10-օրյա հանգիստ, հյուրանոց, վիզայի ձևակերպում և Երևան-Կրետե-Երևան ավիատոմս: Գովազդում, թեև նշվում է, որ չվերթները սկսվելու են հունիսի 30-ից, բայց չի նշվում, որ ընկերությունը դրանք իրականացնելու իրավունք դեռ չունի, ու երաշխիք էլ չկա, թե կունենա:
Հիշեցնենք, երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Մարաթուկ» ընկերության հանդեպ վարչական վարույթ հարուցելու որոշում էր կայացրել` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման համար:
 
Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ և այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք, ուստի չարաշահելով  իր դիրքը, «Մարաթուկը» մուտքի խոչընդոտներ է ստեղծում նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար: Մինչդեռ, իրականում, պարզվում է, որ «Մարաթուկը» նման չվերթ նույնիսկ չի էլ իրականացնում` գոնե այս պահին: Ինչը, սակայն, չի խանգարում նրան, որ սպառողներին մոլորեցնի ու գոյություն չունեցող ավիատոմսեր վաճառի նրանց:
 
Ի դեպ, տուրիստական գործակալությությունների այսպիսի գործունեության փաստեր միայն Հայաստանում չէ, որ կարելի է գտնել: Բոլորովին վերջերս տուրիստական գործակալությունների գործունեության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ նաև ՌԴ-ում: Ռուսաստանյան մի շարք ընկերություններ, վերցնելով զբոսաշրջիկների գումարները, սնսնկ էին ճանաչվել, զբոսաշրջիկներին թողնելովարտասահմանյան երկներում` բախտի քմահաճույքին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուռճացված գործակալություները համեմատել էր  ֆինանսական բուրգերի հետ, որոնք իրենց դուստ ձեռնարկություններն ենստեղծում ու մեծ գումարներ հավաքագրում` առանց ռիսկերի պատշաճ ապահովագրության:
 
Նույն իրավիճակն է, թերևս,նաև հայաստանյան զբսաշրջային շուկայում: Օրինակ, նույն «Մարաթուկը, պետռեգիստրի տվյալներով, գրանցվել է 2 անգամ` առաջին անգամ 1994 թվականին` որպես «Մարաթուկ» Ա/Կ, երկրորդ անգամ` 2009թ-ին` արդեն որպես «Մարաթուկ» ՍՊԸ, ընդ որում նույն սեփականատերերի կողմից: Իսկ թե ինչն է եղել առաջին անգամ ընկերության գործունեության դադարեցման պատճառը, հայտնի չէ: Մնում է հուսալ, որ պատկան կառույցները ինչպես հարկն է կուսումնասիրեն այս ընկերության գործունեությունը, ու ամառային սեզոնին ընդառաջ հայ զբոսաշրջիկների հանգիստը չի խափանվի գործակալների խաբեության արդյունքում:
 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին