Life.panorama.am-ը գրում է.
Տարիներ առաջ Հայաստանում բավականին ակտիվ գործող դերասան ամուսիններ Արթուր եւ Արմենուհի Սուքիասյանները արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում: Նա ոչ միայն պատմել է իր գործունեությունից ու ապագա ծրագրերից, այլև կիսվել է Հայաստանից հեռանալու պատճառների, հայրենիքի նկատմամբ կարոտի, ինչպես նաեւ Հայաստանից հեռու երեխային հայեցի մեծացնելու իր տարբերակի մասին:
Արթուր, առաջինը ուզում էի տեղեկանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում դուք եւ Արմենուհին զբաղված:
-Այժմ նկարահանվում եմ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, զուգահեռ գրել ենք 24 մասից բաղկացած հումորային ֆիլմի սցենար, որը նկարահանման ընթացքի մեջ է, այն կկոչվի «ՄՈՏՈ ԼՈՏՈ» եւ հեռարձակվելու է «USArmenia TV»-ով: Ինչպես նաեւ, տեղի ամենաբարձր վարկանիշն ունեցող խաղ-հաղորդման՝ «Big Win»-ի հաղորդավարն եմ, որը հեռարձակվում է ամեն օր ուղիղ եթերով:
Գիտեմ, որ բացի դերասանական արվեստից, տիրապետում եք նաեւ MAGIC - «Quick change» մասնագիտությանը, հետաքրքիր է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են ԱՄՆ-ում:
- Այո, աշխատում եմ ամերիկացի պրոֆեսիոնալ ակրոբատների հետ, պատրաստում ենք մեծ իլուզիոն շոու-ծրագիր, իսկ փետրվարին հրավեր ունեմ «AMERICAN GOT TALENT»-ից, հուսամ գոնե մի քանի փուլ կանցնեն իմ շոուները:
Արթուր, փորձ եք ունեցել նաեւ բեմադրություն ներկայացնելու, որոնց մասին ոչ բոլորը գիտեն, գուցե ամերիկաբնակ մեր հայրենակիցների համր նոր բեմադրությո՞ւն եք նախատեսում, այդ առումով ծրագրերի մասին եւս կխնդրեմ կիսվեք մեզ հետ:
- Ներկայացում բեմադրել էի Բելգիայում, ու մասնակցել էինք Չեխիայում թատերական փառատոնին և 70 երկների մեջ արժանացել էինք 5-րդ մրցանակի, իսկ այստեղ՝ ԱՄՆ-ում, դեռ չեմ ներկայացել բեմադրությամբ:
Արմենուհին նաեւ երգչուհի էր այստեղ ներկայանում, բայց Ձեր մեկնելու հետ մեկտեղ կարծես նա այլեւս չզբաղվեց այդ աշխատանքով, ես ճի՞շտ եմ, թե սխալվում եմ:
- Արմինեն մասնագիտությամբ դերասանուհի է, պարզապես մեկ երգ ձայնագրվեց, որն էլ տեսահոլովակ ունեցավ:
Արթուր, գիտեմ, այս հարցը շատ է քննարկվել, բայց չհարցնել չեմ կարող, քանի որ այն շարունակում է հետաքրքրել մարդկանց. երբ դուք մեկնեցիք, չգիտես ինչու, սկսեցին տարածվել այն լուրերը, թե լուրջ կոնֆլիկտը, խնդիրները Ձեզ հայրենիքից հեռացրեցին, դա ճշմարտությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ:
- Խնդիրները, կոնֆլիկտները և նման վատ երևույթները շատ հարաբերական են, ինչպես ամեն ինչը մեր կյանքում, բայց մարդու յուրաքանչյուր քայլ ունի պատճառ և բացատրություն, որոնց պետք է հաղթահարել և քայլել առաջ, կյանքը շատ կարճ է, որ խնդիրներին թույլ տաս քեզ ստիպեն դոփել նույն տեղում: Որպես այդպիսին, կոնֆլիկտներ չեն եղել, իմ խնդիրը նույնն էր, ինչ բոլորինը՝ մարդը լավ կյանք է ուզում իր եւ իր երեխաների համար:
Երբ պատրաստվում էի Ձեր հարցազրույցին, տպավորություն ունեցա, թե շատ հիասթափված եք Հայաստանից եւ այստեղի հետ կապված շատ խնդիրներից, եթե ճիշտ եմ հասկացել, կպատմեք, թե ի՞նչն է Ձեզ ամենաշատը հիասթափեցրել:
- Ովքեր կարդացել եմ իմ տված հարցազրույցները, կարծում եմ հասկացել են, որ ես հայրենասերների միջից ամենահայրենասերն եմ և մեկ տոկոս հնարավորության դեպքում կվերադառնայի իմ երկիր և իմ երեխաներին կմեծացնեի հենց իմ հողում, բայց, ցավոք սրտի, այս կյանքում ցանկություններն ու հնարավորությունները այնքան էլ մտերիմ ընկերներ չեն:
Արթուր, եթե համեմատական տանեք, ի՞նչ առավելություններ եւ ինչ թերություններ ունեն ԱՄՆ-ն եւ Հայաստանը:
- Հայաստանը ունի միակ և չկրկնվող առավելություն, այն իմ հայրենիքն է, իմ սերն է ու իմ արմատներն են, ԱՄՆ-ն բացի վերոնշվածներից, ունի մնացած առավելությունները, այտեղ ապրելը մի տեսակ նման է այն մարդուն կամ կնոջը, ով ամուսնացել է մի շատ հարուստ մեկի հետ, ով իր համար երբեք սիրելի ու ցանկալի չի դառնա, ինչպես եղել է իր համար իր առաջին սերը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում