▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ, արդյունավետությունն ապացուցված չէ

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի լաբորատոր թեստ անցնելու համար համապատասխան ախտանիշներ, վարակվածի հետ սերտ շփում եւ վերջին ժամանակներում ճամփորդական պատմություն է պետք ունենալ, մինչդեռ մասնավոր կլինիկաներում կարող են սպասարկել նաեւ առանց ախտանիշի առկայության՝  ընդամենը ցանկություն հայտնելու դեպքում։ Նրանց առաջարկվում է իրականացնել արագ (ռապիդ) թեստ սակայն դրանց արդյունավետությունն էլ կարծես թե 100%-անոց չէ։

armtimes.com-ն է գրում և նշում, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվող մեկնաբանությունների հիման վրա զանգահարել են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, որտեղից պատասխանեցին, որ իրենց մոտ վճարովի հիմունքներով կարելի է թեստ անցնել։ Խոսքը Չինաստանից բերված արագ թեստերի մասին է։

Այս կենտրոնում արդեն քանի օր է՝ նման ստուգումներ են իրականացվում, գինը՝ 25․000 դրամ։

Կենտրոնի վարակաբան, Կլինիկա 1 ծառայության ղեկավար Արմեն Օհանյանի խոսքով՝ մարդկանց հոսքն այս օրերին նորմալ է, թեստեր դեռ ունեն, սակայն հնարավոր է՝ սպառվեն, պլանավորում են՝ նորերը եւս ստանալ։

Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցողների եւ չունեցողների համար էլ առանձին մուտքեր են սահմանել։ Իրականացվում է ֆիլտր, պացիենտներին տրվող հարցերից ելնելով՝ որոշվում է՝ որ կողմից է ավելի ճիշտ մուտք գործելը։ Արդեն հիմնական մուտքի մոտ կագնած աշխատակիցն իրականացնում է ջերմաչափում եւ հարցաթերթիկ լրացնում, եթե ինչ-որ բան բաց է թողնվել, նորից ուղղորդում է մյուս մուտք, որտեղ բժիշկն է գնահատում ռիսկը։

Նշենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում լաբորատոր թեստեր իրականացվում են միայն ԱՆ Հիվանդություների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ)։ Ստացվում է, որ արագ թեստերը դրանց մեջ չե՞ն մտնում։

Ինչպես նշեց Օհանյանը, ՀՎԿԱԿ-ն իրականացնում է ՊՇՌ թեստեր (պոլիմերազային շղթայական ռեակցիա), իսկ իրենց կենտրոնն այսօր չունի նման հնարավորություն։ Ընդհանրապես այն այսօր Հայաստանում արվում է միայն ՀՎԿԱԿ-ում, որովհետեւ իրենք ունեն այդ լիցենզիան եւ պայմանները՝ աշխատելու այդ փորձանմուշի՝ կենդանի վիրուսի հետ։

ԱՆ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ վճարովի նման թեստեր իրականացնելը տվյալ կենտրոնի քաղաքականությունն է։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է մասնավոր կլինիկայի մասին։ Թեստերն այդ կենտրոնինն են, հետեւաբար կարող են վաճառել կամ վերավաճառել։ Չնայած եւս մեկ անգամ հիշեցրեց, որ դրանց արդյունավետությունը 100 %-անոց չէ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին