Այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ բողոքի երթ է կազմակերպվել դեպի քաղաքապետարան: «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով երթի մասնակիցները պահանջում են ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հաշմանդամություն ունեցող մադրիկ կարողանան լիարժեք ապրել: Երթին մասնակցում էր նաև Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ անդամ Անահիտ Բախշյանը:
«Մարդիկ մատչելի միջավայր են պահանջում՝ Երևանում տեղաշարժվելու համար մատչելի պայմաններ, ինչը նրանց սահմանադրական իրավունքն է: Այդ իրավունքն իրացնելու համար պետությունը պարտավորություններ է ստանձնել, սակայն, փաստն այն է, որ չի կատարում: Այս կազմակերպեությունները բարձրաձայնում են այդ մասին, ահազանգում են, կտցահարում են իշխանություններին, ես կուզեի, որ անգամ «ռմբակոծեին», որպեսզի իշխանությունն ի վերջո սթափվի և անհրաժեշտ քայլել ձեռնարկի՝ ավելի արագ տեմպերով և բնակչության մեջ ունեցած տոկոսին համապատասխան բյուջեով»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող շուրջ 190 000 մարդ: Նրանք զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններ և այլ վայրեր այցելելու իրավունքից, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունից:
«Մենք պայքարում ենք հաշմանդամների հավասար իրավունքների համար: Նրանք չպիտի ընկճվեն հասարակական վայրերում և բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է լինեն, որ նրանք կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավուքներից: Պահանջում ենք, որ լինեն հարմարավետ թեքահարթակներ հաշմանդամների համար»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը:
Նրանց խոսքով՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բայց հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացված մնալ, միչնչդեռ նրանք կարող են լիարժեք ապրել, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն: