ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մատենադարանի վրա սև ամպեր են կուտակվում
Հայաստանում նոր ժողովրդավարություն է հասունանում՝ նշաձողի իջեցման քաղաքականություն։ Ակնհայտորեն նման քմահաճ վերաբերմունք է ցուցաբերվում նաև գիտության հանդեպ։ Մի կողմից խոսվում է գիտության զարգացման, գիտական ավանի կառուցման մասին, մյուս կողմից լրիվ հակառակն է արվում՝ քամահրական վերաբերմունք է դրսևորվում գիտության հանդեպ։ Ապացո՞ւյց եք ուզում։ Խնդրեմ։ Մատենադարանի գիտխորհրդի վերջին նիստում որոշվել է փոփոխություն կատարել տնօրենի ընտրության պահանջներում, իսկ ավելի ճիշտ՝ իջեցնել նշաձողը․ այսուհետ տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է ունենա ոչ թե գիտության դոկտորի, այլ գիտության թեկնածու աստիճան։ Ավելորդ է ասել անգամ, որ այս մոտեցումը խիստ մտահոգիչ է։ Անհասկանալի է՝ ում համար է դա արվում, ում է դա ձեռնտու։
Գուցե կարիք կա ոմանց հիշեցնելու, որ Մատենադարանը բիզնես կենտրոն կամ, կներեք արտահայտությանս համար, «օբյեկտ» չէ, և նման մոտեցումը, ինչպես ասում են, զավեշտալի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ։ Նման մոտեցման հիմքում հարգանքի իսպառ բացակայությունն է մեր սրբության սրբոց շտեմարանի գիտահետազոտական բնույթի և նրա շուրջը համախմբված աշխարհի մի շարք համալսարանների անվանի գիտնականների հանդեպ։
Դիմում եմ նման առաջարկի հեղինակներին ու կողմնակիցներին․ Աստծու սիրուն, ձեր միջակությունն ու խեղճությունը մի՛ վերագրեք հայ ժողովրդին, այն միշտ էլ ծնել է և կծնի գիտության արժանավոր մշակների, հանճարեղ մտածողների։ Այժմ էլ կան այդպիսիք և հենց մատենադարանո՛ւմ կան։
Իսկ բոլոր մտահոգվածներին առաջարկում եմ առանց հապաղելու իրենց խոսքն ասել։ Չէ՞ որ այս վիճակին հասել ենք ժողովրդավարության անկման ու հանրային մասնագիտական կարծիքի անտեսման պատճառով։ Ցավալի է խոստովանել, որ անկախ պետականություն ունենալու ավելի քան երեսուն տարվա ընթացքում այդպես էլ չհաջողեցինք ձևավորել համահայկական կամարտահայտության հաստատություն և չունեցանք ազգային ու պետական նպատակներ։ Եվ պատահական չէ, որ իշխանության ցանկացած քայլ և գործողություն մտահոգիչ ու կասկածելի է թվում։ Եվ քանի դեռ չենք լուծել այս խնդիրները և օդում կախված հարցերին չենք տվել հստակ պատասխաններ, միշտ մնալու ենք ենթակայի ու կցորդի կարգավիճակում։ Ուրեմն էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ Մատենադարանը ոմանց դիտանկյունից շարքային հիմնարկություն է երևում, ուստի նրա հետ կարող են վարվել՝ ինչպես ուզում են»։