Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբն անընդունելի է համարում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Ստորեւ ներկայացնում ենք ենթախմբի դիտարկումները՝ կետերով.
1. «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերմամբ խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված եւ նպատակային ձեւով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգեւոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու եւ քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու եւ դաստիարակվելու հնարավորությունից։
2. Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը. տարրալուծման հետեւանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով եւ երբեմն տարակարծության տեղիք տվող ձեւակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես եւ իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով եւ սխալ անվանումներով։
3. Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարեւոր տոների, դուրս են մնացել նաեւ դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց տոները։
4. Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը եւ աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես եւ այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
5. Ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները եւ վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։
Մանրամասները՝ տեսանյութում


