«Մայրաքաղաքում հանդիպած օձերի տեսակների մասին կարող եմ վստահորեն ասել, որ դրանք թունավոր օձեր չեն: Ողջ հանրապետությունում տարածված է կապարագույն սահնօձը, որը չունի թունավոր գեղձեր, միայն կարող է կծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանում և մարզերում օձերի ակտիվացման խնդրին և հարցին, թե ինչ են անելու օձերի, կարիճների խայթոցի դեպքում` ասել է «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը:
ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ էլ օձերի, կարիճների խայթոցի դեպքերը անցած տարվա համեմատ պակասել են:
«Անցած տարի հանրապետությունում գրանցվել է օձի կծելու 156 դեպք, որից 2 մահվան դեպքով: Այս տարի հանրապետությունում ունեցել ենք օձի կծածի մոտավորապես 14 դեպք»,-նշել է Գաբրիելյանը:
Մասնագետները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել, քանի որ մայրաքաղաքում միշտ էլ եղել են օձեր ու կարիճներ, բայց դրանք հիմնականում ոչ թունավոր տեսակներ են:
Մասնագետները փաստում են, որ սխալ է այն մոտեցումը, թե մայրաքաղաքում օձերը շատացել են:
«Մենք մոռանում ենք, որ մեր մայրաքաղաքը այնպիսի լանդշաֆտի վրա է կառուցված, որտեղ ձորեր ու սարեր են և սողունները միշտ ապրել են: Այդքան շինարարություն, որ տեղի է ունեցել, օձերը մագլցում են և’ բակեր, և’ շինություններ, և’ տներ, ուստի կան օձերի տեսակներ, որոնք քաղաքաբնակ են, օրինակ նկուղներում են ապրում»,-ասել է Կարեն Մարտիրոսյանը: