▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ամրոց դարձանք՝ շատանալով և ուժեղանալով. երիտասարդները սպասում են նախագահի պատասխանին

Բոլորիս աչքերի մեջ  հավերժ դրոշմված է պատերազմը…

«Մանկությունն ինքն է իր դաժան բովանդակությամբ մեծացրել և դաստիարակել մեզ: Մի բան հաստատ գիտեմ՝  այն, ինչ մենք ենք ապրել, աշխարհի ոչ մի մանկան չեմ ցանկանա: Միշտ թախիծ կա տեղացի մեր հասակակից երիտասարդների աչքերում, չգիտեմ՝  ինչու է այդպես, բայց վստահ եմ՝ անկախ տարիքից և չձևավորված մտածելակերպից, բոլորիս աչքերի մեջ էլ հավերժ դրոշմված է պատերազմը»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված, այժմ ԵՊՀ ուսանողուհի Սիրանուշ Մելիքյանի խոսքերն են.

«Մենք պատերազմ ենք տեսել, մանկուց կոփվել և ակամա սովորել ենք դիմակայել բոլոր դժվարություններին»,- հավելում է Մարիետա Մանուչարյանը, ով ևս ուսանողուհի է:

Աղջիկների հետ երկար-երկար զրուցում ենք…արցունք ու ժպիտ խառնվում են իրար: Մանկությունը հիշելիս՝  պատերազմ են հիշում ու ապաստարան…

«Հիշում եմ՝  միշտ մեր տան միջանցքում մի պայուսակ կար դրված, մեջը ուտելիքներ էին, հագուստ և խմիչք, կրակոցները սկսելուն պես՝ վերցնում էինք այդ պայուսակը և իջնում ապաստարան, որտեղ արդեն հարևանները հավաքվել էին ու վառարանի վրա կարտոֆիլ էին խորովում: Ուզում եմ միայն լավը հիշել՝ մանկությունս լուսավոր օրերը.  պատերազմի ժամանակ բոլորը միասնական ուժ են դառնում, ես շրջապատված եմ եղել այդ ուժով, եթե որոշների համար իրենց մայրերն են օրոր երգել, մեզ համար օրոր են երգել թնդանոթները,- շարունակում է Մարիետան:

«Մեր մանկապարտեզում մի աղջիկ կար, իմ շորիկից էր հագնում: Հերթական գնդակոծությունների ժամանակ մեզ տարան մանկապարտեզի ապաստարան, իմ տատիկն ու բոլորի տնեցիները եկել էին երեխաների հետևից: Տատիկս իմ փոխարեն ձեռքից բռնել և տարել էլ իմ շորիկից հագած աղջկան, բոլորին տարան, մնացի միայն ես՝  պատի տակ կուչ եկած, ու իմ շորից հագած աղջկա մայրը, ով չէր գտնում երեխային,- արցունքոտ աչքերով շարունակում է Սիրանուշը:

***

Յուրաքանչյուրս դաստիարակվել ենք սահմանապահի ոգով, ահա թե ինչը մեզ միավորեց և դարձրեց  ուժ…

Օրեր առաջ Սիրանուշը և Մարիետան  մի խումբ հայրենակիցների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ հղելու նախաձեռությամբ են հանդես եկել: Իսկ ստեղծված իրավիճակն իսկապես անելանելի էր, որևէ քայլ ձեռնարկելու խնդիրն՝ անհրաժեշտություն:

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին  ադրբեջանական կողմի  հերթական ոտնձգությունից հետո՝ արդեն մեկ ու կես ամիս փակվել է Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը:  Մայրուղին շրջանը մայրաքաղաքին կապող միակ բարեկարգ ճանապարհն է:

Գոյություն ունեցող այլընտրանքային 2 ճանապարհները՝ Բերդ-Ճամբարակ և Իջևան-Գանձաքար  տարանցիկ ճանապարհները,  խիստ անբարեկարգ վիճակում են: Ձյուն տեղալուն պես՝ նույնիսկ հետևողական մաքրման պայմաններում դրանք երթևեկելի չեն՝ անըդհատ բքի ու սարից գլորվող ձնակույտերի պատճառով:  Ընդ որում՝ Բերդ-Ճամբարակ ճանապարհն իր վտանգավոությամբ չի զիջում Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղուն: Ավելին՝ այս պարագայում թնամու հետ բաց սահմանն ավելի մեծ է: Փաստացի՝ բարեկարգ ճանապարհը թշնամու հսկողության տակ է, իսկ այլընտրանքային երկու ճանապարհներով անհնար է երթևեկել: Այսինքն՝ ստեղծվել է իրավիճակ, որը հրատապ լուծում է պահանջում:

Այս պայմաններում հապաղել,  կնշանակեր լուրջ կորուստներ ունենալ: Եվ քանի որ խնդրի լուծմանն ուղղված որևէ տեղաշարժ չկար, մի խումբ երիտասարդներ բաց նամակ հղեցին հանրապետության նախագահին՝ խնդրելով անվտանգ ճանապարհ ապահովել դեպի տուն:

Խնդրի մասին առաջինը բարձրաձայնեց Սիրանուշը՝ բոցավառելով բոլորի մեջ ապրող կայծը.

«Աստված գիտի միայն, թե ինչ կապ եմ զգում ես Տավշո հողի հետ՝ զգացմունքների տեղատարափ:  Վաղուց սիրտս ու խիղճս տանջում էր:  Ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը ընկերներիս հետ շարունակ քննարկում էինք, բայց ոչ մի քայլ չկար: Հետո մտածում էի՝  իսկ ո՞վ պետք է ամենից շատ մեր մասին մտածի, եթե ոչ մենք: Ու  այդպես ֆեյսբուքյան իմ էջում բոլորի ազգային, նվիրական ինքնասիրությունը շարժող գրառում դրեցի ու քնեցի, առավոտյան ինձ մեծ անակնկալ էր սպասվում: Մեծ տարածում էր գտել պայքարի կոչս, ու այդպես ավելի ոգևորվեցի: Սկզբից չգիտեմ ինչու վախենում էի, հիմա՝ առավել քան երբևէ երջանիկ եմ, որ առաջին քայլն  արեցի: Ընկերներս սարի նման մեջքիս կանգնեցին, ու մենք ամրոց դարձանք՝  այդպես շատանալով և ուժեղանալով:

Ամենազարմանալին, թերևս,  երիտասարդների բացառիկ համախմբվածությունն է.

«Խնդրը երկար ժամանակ էր, ինչ մտահոգում էր բոլորիս, բոլորս խոսում եիք այդ մասին, փորձում եինք օպտիմալ տարբերակներ գտնել՝ փակուղուց դուրս գալու համար: Մի օր երեկոյան ֆեյսբուքում տեսա Սիրանույշի գրառումը ու հասկացա, որ սա պետք է կարդամ ոչ միայն ես և մի քանի հոգի, այլև բոլոր տավուշեցիները, քանի որ ցավը բոլորինս է: Սկսեցի տարածել, ընկերներիս խնդրեցի, որ նրաք էլ իրենց ընկերերին հետ կիսվեն, այդպես սկսվեց պայքարը, ստեղծեցինք ֆեյսբուքյան խումբ՝  «Պահանջում ենք ապահովել մեր անվտանգությունը»»,- պատմում է Մարիետան՝ հավելելով.

«ժամ առ ժամ խումբն էլ ավելի էր մեծանում: Խմբում քննարկեցինք հարցը,  թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեր հողին, ժողովրդին, և ինչու չէ, ինքներս մեզ: Բոլորս էլ ուզում էինք մեր փոքրիկ լուման ներդնել՝ այս խնդրի արագ լուծման հարցում, բազում քննարկումների արդյունքում եկանք միևնույն կարծիքին. պետք է Տավուշի երիտասարդության անունից բաց նամակ գրվեր ՀՀ Նախագահին: Մեզ միավորեց մեր հողի հանդեպ, կարող եմ ասել հիվանդագին սերը, մեր ուժը մեր միասնականության մեջ է, քանի որ խնդիրն ամենքինս է, իսկ պահանջն արդար է: Ուզում եմ անպայման հավելել, որ  խնդիրը բոլորին լսելի դարձնելու հարցում մեծ էր տավուշեցի  լրագրողների դերը:  Տավուշեցիներս բացառիկ հայրենասեր ենք են, քանի որ անցել ենք պատերազմի միջով, գիտենք, թե հողի յուրաքանչյուր սմ-ն  ինչ գնով է պաշտպանվել և պահպանվում առ այսօր: Յուրաքանչյուրս դաստիարակվել ենք սահմանապահի ոգով, ահա թե ինչը մեզ միավորեց և դարձրեց  ուժ»:

Առաջին ու կարևորագույն քայլն արված է: Երիտասարդները սպասում են Նախագահի պատասխանին:

Հիշեցնենք, որ երիտասարդների կոչին է միացել նաև ծնունդով տավուշեցի երգիչ Արթուր Հակոբյանը՝ Միստր x-ը: 

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին