Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:
Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը
Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել է 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո: 2018-2019 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով նախատեսվում է 140 տեղ, իսկ դոկտորանտուրայի կրթական ծրագրով՝ 13 տեղ: Կառավարության անդամները համաձայնության են եկել վերոնշյալ որոշումները հաստատելու շուրջ՝ նշելով, որ հետագայի համար նման դեպքերով պետք է առաջնորդվել պետության, այլ ոչ թե բուհի կարիքները գնահատելով:
Կառավարությունն այսօր նաև ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար:
Գործադիրը քննարկել է նաև Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի հաշվետվությանը՝ ծրագրով նախատեսված պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների մասին: Վարչապետի առաջարկությամբ հարցը չի դրվել քվեարկության՝ ոլորտում առկա իրավիճակն առավել մանրամասն քննարկելու և գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Կարդացեք նաև`Դուք ու՞մ եք զեկուցել. Վարչապետը դիմեց ՍԱՊԾ պետին