Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական և տնտեսական ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ազգային վիճակագրական ծառայության նախագահը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:
Վարչապետը նշել է, որ վերլուծություններում այսօր ներկայացվելիք նախնական ցուցանիշները նախատեսվում է այնուհետ համադրել ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող` տարվա ամբողջական ցուցանիշների հետ և ըստ այդմ ճշգրտումներ կատարել:
Օրակարգի շրջանակներում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել են ՀՀ 2017թ. տնտեսական աճի ընդհանուր նկարագիրը և հիմնական արդյունքները:
Հանրապետության Նախագահը կարևորել է տնտեսական և սոցիալական ոլորտների արդյունքների պարբերական վերլուծությունը տնտեսական քաղաքականության մշակման, ճշգրտման և բարելավման համար: Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Այս առումով, Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:
«Վերլուծության հիմքում, անշուշտ, դրված են օպերատիվ տեղեկություններ, որոնք մենք ստացել ենք մեր գերատեսչություններից և մեր միջազգային գործընկերներից: Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք: Վերլուծության կամ, ինչպես սիրում է ասել պարոն վարչապետը, այս վարժության հիմնական նպատակն է, որպեսզի մենք կարողանանք պարզել տնտեսական աճի բաղադրիչները, ինչպես ասում են՝ տնտեսական աճի շարժիչները, առանձնացնել դրանք, քանի որ աճի բաղադրիչներից է կախված, թե մենք ինչպիսի եկամուտներ ենք ունենալու: Եվ, բնականաբար, հաշվի առնելով և՛ եկամուտները, և՛ այդ բաղադրիչների կայունությունը, շարունակականությունը՝ ապագա մեր ծրագրերը կարող են լինել ավելի ստույգ և ավելի իրատեսական:
Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է Հանրապետության Նախագահը՝ ընդգծելով, որ կառավարությունը 2018թ. տարեսկիզբն էլ տնտեսական լավ ցուցանիշներով է սկսել, սակայն, ըստ նրա, դեռևս չի կարելի ասել, որ Հայաստանը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի դեռ այդ աշխատանքի արդյունքները զգալի չեն դարձել հասարակության բոլոր խավերի համար: