Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական «Սմերչ» համալիրների արդիականացված տարբերակը: Զինատեսակի առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ.
Մեր զրուցակիցը նախ շեշտեց, որ մինչ այս պահը դեռ հստակ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ հայկական զինված ուժերը նման սպառազինություն են ձեռք բերել:
Ինչ վերաբերվում է զինատեսակի նկարագրությանը, փորձագետի խոսքով`
«Նման համակարգերը համազարկային հարձակման ռեակտիվ հրթիռային կայանքներ են, որոնք նախատեսված են մեծ կենդանի ուժի թեթև զրահահավորված տեխնիկայի ոչնչացման համար: Դրանք հիմնականում օգտագործվում են տեղակայման վայրերը հրետակոծելու և այլ նպատակներով: Վերջին տարիների պատերազմի փորձը ցույց է տվել, որ հիմնականում կիրառվում են բնակավայրերի հրետակոծման նպատակով: Նախատեսված են մարտավարական բարձր օղակի խնդիրների կատարման համար: Չինական համակարգերը «Սմերչից» ավելի արդյունավետ են, քանի որ ավելի հեռահար են: Հեռահարությունը հասնում է 130 կմ-ի: Պարզապես նմանատիպ կայանքները հստակ ճշգրտություն չունեն: Այսինքն` չեն կարող հստակ նշանակետին հարվածել: Հենց այդ պատճառով դրանք չի կարելի օգտագործել որևէ օբյեկտի կետային խոցման համար: Իսկ բավական մեծ տարածության վրա կենտրոնացած կենդանի ուժի ուղղությամբ կրակ արձակելու դեպքում զինտեխնիկան բավական արդյունավետություն ունենում է: Չինական համակարգը ռուսական «Սմերչի» արդիականացված տարբերակն է` որոշակի փոփոխություններով»,- մեզ հետ զրույցում նշեց Հրաչյա Պետրոսյանցը` հավելելով.
«Եթե մենք նման համակարգեր ենք ձեռք բերել, կամ ձեռք բերելու, մենք ցույց ենք տալիս, որ ոչ մի բանով հետ չեք մնում Ադրբեջանից: Մեր ունեցած հրթիռահրետանային միջոցները ավելի հզոր են, ավելի հեռահար, քան Ադրբեջանինը: Մեր մասնագետների աշխատանքի շնորհիվ շեղման տոկոսը զգալիորեն կրճատվել է»:
Անդրադառնալով «Սմերչի» վերաբերյալ բարձրացված աղմուկին` փորձագետը շեշտեց, որ համակարգն իրականում այդքան հզորութուն չունի, ինչպես ռուսական կողմն է ներկայացնում:
«Իհարկե, մարտական գործողութունների ընթացքում դրանք բավական մեծ վնասներ կարող են հասցնել, բայց ցանկացած մարտական գործողությունների պլանավորման ժամանակ այդ ամենը հաշվի է առնվում և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվում: Բացի դրանից`Ադրբեջանը «Սմերչի» այնպիսի քանակություն չունի, որ դրանք տեղակայվեն առաջնագծում: Դրանք գտնվելու են կենտրոնական հրամանատարության ենթակայության ներքո: Ցանկացած տեղաշարժի մասին կարելի է շատ արագ իմանալ և նույնսկ թույլ չտալ, որ դուրս գան հարձակման դիրքեր»:
Դիտարկմանը, թե համակարգի ձեռքբերման տեղեկությունը տարբեր կերպ է մեկնաբանվել, ոմանց մոտ ոգևորություն է առաջացրել, ոմանք էլ անլուրջ մոտեցում են դրսևորել` շեշտելով դրանց չինական լինելը, փորձագետը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ որևէ զենքի կարելի է անլուրջ վերաբերվել: Անկախ նրանից, թե որ երկրի արտադրություն է, զինատեսակը չի կարող լինել քմծիծաղի կամ կասկածների առարկա: Ցակացած զինտեխնիկա կարող է նպատակային աշխատել: Ես չգիտեմ, թե ինչու նման կարծիք կա, որ եթե չինական է, լավը չէ: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ կան չինական շատ ապրանքատեսակներ, որոնք գերազանցում են և եվրոպական, և ամերիկյան արտադրանքին:
Եթե չինական արտադրանքին թերահավատորեն ենք վերաբերվելու, պարզապես հիշենք, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համակարգը հիմնված է չինական արտադանքի վրա:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան