Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պետրոս Ղազարյանի և Թաթուլ Հակոբյանի երկխոսությունից մի քանի հատվածներ աչքովս ընկան։ Գնահատականս շատ ուղիղ է, այն մեր իրականության ամենավտանգավոր պրոպագանդիստական հետուստատեսային դրսևորումներից մեկն է։
Երկխոսության ամենամեծ պրոբլեմն այն է, որ այն կազմված է կիսաճշմարտություններից, անհիմն դատողություններից, ի սկզբանե ապացուցողականությունից զուրկ թեզերից և քաղաքական օրակարգ սպասարկող պատճառահետևանքային արհեստական ու վուլգար հաջորդականություններից։ Ըստ Պետրոս Ղազարյանի, ամեն ինչի մեղավորը ռուսներն են, իսկ Թաթուլի պնդմամբ՝ հայաստանցիների միակ ու ճշմարիտ հանգրվանը կախաղանն է։
Այնտեղ կա պատմություն, բայց չկա պատմագիտական մեթոդաբանություն, կա որոշակի փիլիսոփայական շերտ, բայց զուրկ հետևողականությունից և սկզբունքներից։ Ընդամենը գործ ունենք փաստերի և հասկացությունների մեխանիկական շահագործման հետ, որը կարող է խառնաշփոթ առաջացնել ցանկացած անհատի մտածողության մեջ, ավելի շուտ՝ քանդել մարդու կայուն պատկերացումները արտաքին աշխարհի վերաբերյալ։
Մեղք ա մեր հասարակությունը, քանի որ պրոպագանդիստական հոսանքները ոչ միայն բանականությունն են սպանում, այլ նաև՝ բարոյականությունը»։


