Այս մարդուն բոլորիս աչքի առաջ ենթարկում են խոշտանգման:
Այն որ ցեղ որպես արդեն չենք սկսել քանդուքարափ անել երկրի բանտերը, որտեղ փակվածների բացարձակ մեծամասնությունն անմեղ է, նրանից չէ որ վատն ենք սիրելիներս:
Նրանից է որ մեզ ենթարկել են երկու տասնամյակ շրջափակման, դաժանացրել սովով, ցրտով, կտտանքով ու խոշտանգումներով: Մեր մեջ չկա մեկը որ պատերազմում, երկրաշարժում, բանտերում, հարկադրված կամ պարտադիր աքսորում կորցրած չլինի հարազատներ, սեր, մեր երազները մորթված են:
Մենք կարծրացել ենք, դաժանացել, շուրջներս կատարվող դաժանությունը սկսել ենք ընդունել որպես սովորական կենցաղ, ու կարծում ենք որ այսպես էլ շարունակվելու է:
Չի շարունակվելու:
Պատերազմն անցել է, մեռելները հող են արդեն, զավակներն են ապրում սիրելիներս, մեր զավակները:
Սադիզմը նորմ չէ, հիվանդություն է, բոլորիս քիչ թե շատ վարակած:
Արթնացեք սիրելիներս, թափ տվեք ձեզ, կյանքը շարունակվում է, դեռ գալու են թոռներ, բազում ծոռ:
Վարդանը կուսակցական չէ, որևէ թայֆից չէ, մեն մի հատիկ է, մեր լույսն է:
Սիրելիներս, մեր մեջ չկա մեկը որ հավաքական շահ կհետապնդի այս պայծառ մարդու կողիքն կանգնելիս:
Նա մեր բոլորի կողքին է եղել տասնամյակներ, երբ ընկճվել ենք, երբ հույսներս կորցրել, երբ ամբարտավանացել, երբ, երբ, երբ...
Խնդրում եմ բոլորիդ, բոլորիդ, կուսակցականներիդ, չկուսակցակններիդ, մտավորականներիդ, իմաստուններիդ, արտիստ-ստեղծագործողներիդ,ամեն տեսակի տեսանելի ու անտեսանելի գործիչներիդ, թույլ չտալ այս մեն մի հատիկ մոմը հանգցնել:
Թույլ չտաք սադիզմ: Սադիզմը մեր կենցաղը չէ, սադիզմը հայեցի չէ, քրիստոնեավայել չէ, եթե այդպիսին եք, անմարդկային է, իսկ դուք իմ ցեղ, իմ սիրելի ցեղ, այդպիսինը չեք: Մենք այդպիսինը չենք:
Մեզ մեկ անգամ, մեն մի հատիկ մարդու համար, միասին այդ մասին հայտարարել է պետք:
Մենք սադիստ չենք: Մեր երկրում սադիզմը կենցաղ չէ, հենց այսօր, հենց այս պահին, և մենք ցեղ որպես մեզնից սադիզմին զոհ տալ հրաժարվում ենք, հենց այս մարդուց սկսած:
Սիրում եմ ձեզ: