Ընկերոջս հետ դպրոցական տարիներն էինք հիշել: Հուշեր էինք պատմում, յոթ սարի հետևում մնացած դեպքեր հիշում: Նա հանկարծ ասաց.
- Մի բան եմ ուզում պատմել, չնայած մի պատմելու բան էլ չէ: Դպրոցում լավ էի սովորում: Կարելի է ասել՝ դասարանի աչքն էի: Գեղեցիկ ու խելացի աղջիկներ կային մեր դասարանում: Զուգահեռ դասարաններում ու մեզնից մեկ-երկու տարով փոքր աշակերտուհիների մեջ էլ կային: Դե, գիտես, որ շատ ուշ ամուսնացա: Այդ տարիներին աղջիկների վրա ուշադրություն չէի դարձնում: Ավելի ճիշտ՝ նրանք ինձ համար ընդամենը դասընկերներ կին, ընկերուհիներ: Նկատում էի, որ շատերն ինձ այլ աչքով են նայում, բայց վեջս չէր: Մտածում էի՝ բարձրագույն կընդունվեմ, այնտեղ ավելի լավ աղջիկներ կլինեն...
Ի դեպ, նույնը կատարվեց նաև բարձրագույնում: Ինքս ինձ ասում էի՝ բարձրագույնը կավարտեմ, աշխատանքի կանցնեմ, ավելի գեղեցիկ ու խելացի ընկերուհի կգտնեմ: Ու բոլոր գնացքները մեկնեցին, մնացի մենակ:
Ու հրաշք կատարվեց՝ վերջապես գտա Նրան ու ամուսնացա: Հետո հրեշտականման երեխաներ ծնվեցին... Դե, դա դու լավ գիտես:
Ինչ որ է: Դպրոցական տարիներին ութերորդում թե իններորդում փոխեցի իմ դասարանը, որովհետև այնտեղ հիանալի տղաներ կային, որոնց հետ էի հիմնականում ընկերություն անում: Գեղեցիկ ու խելոք աղջիկներ էլ կային: Մի աղջիկ կար այդ դասարանում, շատ աղոտ եմ հիշում նրա դեմքը: Անհետաքրքիր, անհրապույր էր շատ: Կարծեմ վատ չէր սովորում, բայց ընդամենը մեկ-երկու աղջկա հետ էր լինում հիմնականում: Աղջիկներն անգամ մտերիմ չէին հետը: Հիմա եմ մտածում, որ երևի պատճառն այն է, որ ոչ միայն արտաքինից էր անհրապույր...
Բայց շատ անհամ պատմություն է սա: Նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ պատմում: Չնայած ուզում եմ նաև պատմել: Ինչ-որ է: Դպրոցն ավարտելուց հետո 20 տարի է անցել, բայց ես նրան երբեք չեմ տեսել, նրան երբեք չեմ հիշել: Չնայած հնարավոր է, որ բազմիցս անցած լինի կողքովս, բայց ես իրեն նկատած կամ ճանաչած չլինեմ:
Մի քանի օր առաջ բարեկամիս հարսանքի ժամանակ կողքիս նստած էր վերջինիս տարեց ազգականուհին: Զրուցասեր կին էր:
- Գիտե՞ս, քո դասընկերուհին իմ հարևանուհին է,- ասաց նա և ինչ-որ անուն-ազգանուն ավելացրեց:
Անմիջապես չկարողացա հիշել, բայց հետո մի կերպ գլխի ընկա, որ խոսքը վերոհիշյալ աղջկա մասին է:
- Հաճախ է մոտս պատմում դպրոցական տարիների մասին: Քո մասին էլ է շատ պատմել,- ասաց տարեց զրուցակիցս:- Մի անգամ խոստովանել է, որ իրեն սիրում էիր, երկու անգամ առաջարկություն ես արել իրեն, իսկ ինքը մերժել է: Հիմա փոշմանել է, որ մերժել է քեզ...
Ա՜յ քեզ բան, մնացել էի շվարած: Մի քանի օր է այդ խոսքերը գլխիցս դուրս չեն գալիս: Չեմ հասկանում, ինչո՞ւ է ստել: Դա նրա ինչի՞ն է պետք...
Ընկերոջս պատմության վերջաբանն ինձ համար էլ անսպասելի ու տարօրինակ էր: Ի վերջո ասացի.
- Կարծում եմ, մանկության, դպրոցական տարիներին մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի հեքիաթ էր հորինում իր համար: Այդ աղջիկն ուղղակի իր հեքիաթը պատմում է ուրիշներին...
Ֆեյսբուք